«Մենք ֆեոդալական երկրում ենք ապրում, էլ չասեմ`ստրկատիրական, որտեղ ամեն մի ճարպակալած օլիգարխ այնպիսի կեցվածք է ընդունում, որ շեշտվի սեփական անձի անփոխարինելի լինելը»: Այս մասին «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը:
«Ամեն օր եկեղեցիներ ենք կառուցում, բայց իշխանավորներից ո՞ր մեկն է գնացել, օրինակ, Սպիտակավոր եկեղեցի: Առանց չափազանցության, ավելի հեշտ կարող են բարձրանալ Հիմալայան լեռներ, քան Սպիտակավոր եկեղեցի` Նժդեհի աճյունի մոտ»,- հայտարարել է Հախվերդյանը:
Նա նշել է, որ հայերը չեն պահպանում իրենց անունները, հավանաբար, այն պատճառով, որ օտար անուններն ավելի լավ են հնչում, «ասենք ֆրանսերենից` Սերժիկը, ռուսերենից` Սաշիկը»:
«Մենք չենք հարգում մեր լեզուն. հաճախ իշխանավորներն այնպես են արտահայտում իրենց մտքերը, որ թարգմանչի կարիք է զգացվում:
Պատիվ-հարգանքն ու նման բաները դարձել են հանրագիտարանային, փոխարենը վրացիներից սովորեցինք տեղի-անտեղի համբուրվել, ռուսներից` չափը կորցնելու չափ օղի խմել, թուրքերից` քծնել ու էլի շատ տհաճ բաներ»,- ասել է երաժիշտը:
Իր մտքերի տարափը նա եզրափակել է հետևյալով «Գուցե մի՞շտ է այսպես եղել, վկան` Խորենացին` 5-րդ դարում, Ֆրիկը` 13-ում, Տերյանը` 20-ում ու մեր բոլոր մեծերը` բոլոր ժամանակներում»: