Սերժ Սարգսյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման պահանջների միջև շատ լուրջ տարբերություն կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:
«Արտահերթ ընտրությունների պահանջն իր մեջ պարունակում էր բանակցություններ, քննարկումներ, երկկողմանի գործընթաց էր դա, որը տեղավորվում էր երկխոսության գործընթացի մեջ: Մի խոսքով` դա գործընթաց էր, որի մասնակից կողմերը երկուսը կարող էին լինել` Հայ Ազգային Կոնգրեսը և իշխանությունը: Իսկ անհապաղ հրաժարականը գործընթաց է, որը բանակցություններ, երկխոսություններ չի պարունակում իր մեջ: Դու այդ դեպքում ավելի կոշտ ես, դու միայն պահանջում ես անվերապահ հրաժարական և վերջ: Մենք արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվեցինք շատ պարզ պատճառով` մենք այլևս չենք ուզում բանակցել այն իշխանության հետ, որը մերժում է երկխոսությունը, որը փակում է ճանապարհները, որը կոշտ բլոկադայի է ենթարկում ազատ խոսքը, Ազատության հրապարակը և Երևանը»,- ասել է Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ի 8-օրյա հանրահավաքների ընթացքում իշխանությունների նախաձեռնած շրջափակումը և արգելափակումը, ինչպես նաև մարդկանց ահաբեկելն աննախադեպ էր: