Home / Հայաստան / Ինչու են զինվորների մահերը որակվում ինքնասպանություն, բացատրել է նախարարի տեղակալը

Ինչու են զինվորների մահերը որակվում ինքնասպանություն, բացատրել է նախարարի տեղակալը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը երեկ «Զինուժ» հեռուստածրագրին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում հայկական բանակում գրանցվող մահվան դեպքերին, որոնք հիմնականում որակվում են որպես ինքնասպանություն:

«Քրեական գործ հարուցվում է այն հատկանիշների հիման վրա, ինչ դեպքից անմիջապես հետո երևում է: Եթե քրեական գործ հարուցեին սպանություն հոդվածով, հետո պարզվեր ինքնասպանություն է, նույն մեղադրանքներն էին հնչելու, որ տեսեք-տեսեք սպանությունը վերածեցին, դարձրեցին ինքնասպանություն: Ինքնասպանությունը նախաքննության ընթացքում կարող է փոխվել սպանության: Հավատացեք, հարցադրումները շատ ավելի խիստ կլինեին և ցուցարարաների թվաքանակը շատ ավելի շատ կլիներ, եթե սպանություն հատկանիշով հարուցվեր քրեական գործ և հետո այն վերաորակվեր ինքնասպանություն»:

Խոսելով վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի մասին` պաշտպանության փոխնախարարը նշել է, որ պարզված են այդ արտակարգ պատահարների հանգամանքները, այժմ քննություն է գնում, որի ընթացքում կպարզվի յուրաքանչյուրի մեղավորության չափը: Գասպարյանը նշել է, որ թեև որոշ դժվարություններ կան մոտ 10 տարվա վաղեմություն ունեցող մի քանի քրեական գործերի հարցում, սակայն այդ և մյուս բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, իսկ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

«Ոչ միայն ի զորու ենք, այլև բացահայտում ու պատժում ենք: Հասնելու ենք նրան, որ բանակում արտակարգ պատահարները լինեն տրամաբանական մինիմումի աստիճանի»,- Գասպարյանի խոսքերն է փոխանցում ՊՆ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ «Բանակն իրականում» խմբի նախաձեռնությամբ կայացավ ակցիա, որին մասնակցեցին տարբեր տարիներին բանակում զոհված զինծառայողների հարզատները, իրավապաշտպաններ, գրողներ, ակտիվիստներ, լրագրողներ:

Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ընդդեմ բանակում ստեղծված իրավիճակի: Ակցիայի համար առիթ էին հանդիսացել վերջին 5 օրերի ընթացքում բանակում երեք երիտասարդների մահվան դեպքերը: