Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորրորդ անգամ հայր է դարձել: ԶԼՄ-ների փոխանցմամբ` 43-ամյա երգչուհի և դերասանուհի Կարլա Բրունին նրան որդի է պարգևել: Պաշտոնական հայտարարություն այս առնչությամբ դեռ չի արվել:
Ծննդաբերությունն անցել է Փարիզի հեղինակավոր հիվանդանոցներից մեկում: Ֆրանսիայի նախագահի կինը հիվանդանոց էր տեղափոխվել դեռ շաբաթվա սկզբին, և այդ ողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցները շրջափակել են հիվանդանոցին հարող փողոցը, հայտնում է Life News-ը:
Հղիությունը այնքան էլ հեշտ չի անցել մոդել Բրունիի համար: Ծննդաբերությունից մեկ ամիս առաջ նա խոստովանել էր, որ հոգնել է հղիությունից:
«Անկեղծ ասած, այլևս չեմ դիմանում: Ժամանակիս մեծ մասը կամ նստած, կամ պառկած եմ անցկացնում: Ոչ ծխել, ոչ խմել եմ կարողանում: Շտապում եմ այս ամենին վերջ տալ»,-ասել էր Ֆրանսիայի առաջին տիկինը:
Նշենք, որ ֆրանսիական ԶԼՄ-ներում շրջանառվող կարծիքի համաձայն, երեխայի ծնունդը իդեալական գովազդային քայլ էր Սարկոզիի նախընտրական արշավի համար:
Ավելի վաղ France’s Marianne պարբերականը գրել էր. «Քաղաքական լեզվով ասած` հղիության ժամկետը իդեալական է ընտրված: Սա մարքետինգային երեխա է, որը կծնվի նախագահի ընտրարշավից մի քանի ամիս առաջ»: