ԱՄՆ-ի դաշնային վճռաբեկ դատարանը տուգանել է մի խումբ իրավաբանների երկրի նախկին վարչապետ Ռիչարդ Չեյնիի, պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի և ԱՄՆ Ներքին Գործերի շտաբերի պետերի հանձնաժողովի նախկին նախագահի դեմ առաջադրված անհիմն հայցի համար:
Ըստ հայցի` 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևում կանգնած է եղել Հանրապետական կուսակցությունը:
2008 թվականի դեկտեմբերին ամերիկուհի Էյփրիլ Գելոփի անունից ներկայացված հայցում ասվում էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կինը Պենտագոնում` իր աշխատանքի վայրում էր գտնվում իր նորածին որդու հետ: Պենտագոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով նրանց վրա էր փլուզվել շինության ներքին պատը:
Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն, մայրն ու երեխան ծանր գանգուղեղային վնասվածք են ստացել: Գելոփի խոսքերի համաձայն, ինքը ժամանակին արթնացել է և դուրս եկել շենքից պատի մեջ առաջացած ճեղքի միջով:
Կինը պնդում էր, որ պատը քանդվել է ոչ թե ահաբեկիչների կողմից Պենտագոնի վրա ուղղված ինքնաթիռի հեռտևանքով, այլ ռումբի ուժեղ պայթյունի պատճառով, որը կազմակերպվել և տեղադրվել էր շենքում գերագույն քաղաքական և ռազմական գերատեսչությունների հրամանով:
Դատարանը Գելոփի փաստարկները չհիմնավորված է ճանաչել, սակայն որոշել է դեռևս չպատժել նրան, քանի որ կարծում է, որ նա գործում էր իր փաստաբանների ազդեցությամբ:
Կնոջը միայն նախազգուշացում են տվել, իսկ փաստաբաններին պարտավորեցրել են 15 հազար դոլարի չափով տուգանք վճարել և ամբողջությամբ փակել դատական ծախսերը: