Երեկ ժամը 20:00-ի սամաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է:
Panorama.am կայքը հարց է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին առ այն, թե Երևանում տեղակայված զորամասում ծառայող զինվորները արդյոք իրավունք ունեին գտնվել Սևանի ճանապարհին և ու՞մ մեղքով է տեղի ունեցել խաղաղ պայմաններում ևս մեկ զինվորի կորուստը:
ՀՀ Պաշտպանության նախարարության կայքը ներկայացրել է Գասպարյանի պատասխանը.
«Նախ, ցավակցում եմ ավտոպատահարից մահացած ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանյանի հարազատներին: Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը:
Կոչ եմ անում զինծառայողների ծնողներին և ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետևանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետևանքներով: Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»: