Home / Հայաստան / «Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը վաճառում է իր բիզնեսը և լքում Հայաստանը

«Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը վաճառում է իր բիզնեսը և լքում Հայաստանը

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը հաստատել է վերջերս շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը վաճառելու է իր ունեցվածքը և հեռանալու  է Հայաստանից: 

Թերթը հիշեցնում է, որ ֆրանսահայ գործարար կինը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ցանկանում են խլել իր բիզնեսը: Այս տարվա մարտին մամուլում հրապարակումներ էին եղել, որտեղ Գործունյանը պատմել էր, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր և իր որդու`Սևակի հետ: Սակայն մինչև վերջերս ֆրանսահայ գործարար կինը հայտարարում էր, որ չի պատրաստվում նահանջել, շարունակելու է պայքարել, իր ունեցվածքը չի վաճառելու ու Հայաստանից չի հեռանալու: Երեկ, սակայն, Գործունյանը ասել է, որ որոշել է Հայաստանից հեռանալ, քանի որ  իր երեխաները չեն ցանկանում այլևս գալ և այստեղ ապրել: Հայաստանից հեռանալու որոշման  պատճառների մանրամասները նա խոստացել է ներկայացնել մոտ տասը օրից: