ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» և «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վերածվել են խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Այս մասին ասված է հայաստանյան 8 թերթի խմբագրերի տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը:
Մենք` Հայաստանում լույս տեսնող թերթերի ներքոստորագրյալ խմբագիրներս, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները և դրանց դատական կիրառումը համարում ենք հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:
Հաշվի առնելով, որ ՄԻ պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, Սահմանադրական դատարանին կոչ ենք անում մինչև վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:
Ընդգծում ենք նաև, որ պատրաստ ենք լիազորված անձանց միջոցով պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ անկախ դատական և այլ կարգի հետապնդումներից` հավատարիմ ենք մնալու ընթերցողներին տեղեկություններ տրամադրելու մեր մասնագիտական պարտքին, և հետևողականորեն պայքարելու ենք Խոսքի ազատության, ինչպես նաև տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու Սահմանադրական իրավունքի պաշտպանության համար», – ասված է խմբագիրների հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Աննա Վ. Հակոբյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը: