2012 թվականի բյուջեն իր մեջ որևէ ամբիցիա չի պարունակում և կառավարությունը նույնիսկ ցանկություն էլ չունի ցույց տալ, որ ցանկանում է ինչ-որ բան անել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Պարզապես բյուջե են կազմել ներկայացնելու համար հերթական անգամ», – նշել է բանախոսը:
Նրա խոսքով` այս տարվա բյուջեով նախատեսվում է 101 միլիարդ դրամի եկամուտների ավելացում:
«Կարծես թե դա ողջունելի է, բայց խորությամբ նայելու դեպքում, դա վտանգավոր նախաձեռնություն է: Կառավարությունը այն ծայրից չի սկսել իր գործունեությունը, որից պետք է սկսեր: Առաջին հերթին, կառավարությունն ինքը պետք է գնահատեր Հայաստանի տնտեսության պոտենցիալը: Այն այսօր մոտ 10 միլիարդ դոլարանոց ՀՆԱ է կամ մոտ 2,8 միլիարդ դոլարի բյուջե: Բայց արդյոք սա՞ է: Տարբեր միջազգային կառույցներ ասում են, որ ՀՀ-ում ստվերը կազմում է 50-70 տոկոս», – ասել է Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով` Հայաստանի տնտեսության աբսուրդներից մեկը կայանում է նրանում, որ շատ ապրանքատեսակների գծով ներմուծողները կարողանում են այնպես անել, որ միջազգային շուկայից 2 կամ 3 անգամ ավելի էժան ապրանքներ են ներմուծում:
«Ոչ ոք Հայաստանի որևէ գործարարի այդպիսի լավություն չի անի: Նրանք բոլորն էլ շուկայից գնում են համապատասխան գներով ապրանքներ, ուղղակի ներմուծում են ավելի ցածր գնով, ցույց են տալիս ավելի ցածր գներ, որպեսզի այստեղ ավելի քիչ պետական հարկեր վճարեն», – ասել է Վահագն Խաչատրյանը:
Վերջինս հիշեցրել է, որ կառավարությունը նախատեսում է 101 միլիարդ դրամով ավելացնել եկամուտները:
«Դա հավաքելու համար քաղաքական որոշում է հարկավոր, իսկ քաղաքական որոշում կայացնելու դեպքում Սերժ Սարգսյանը պետք է հավաքի բոլոր օլիգարխ գործարարներին և ասի. «Վերջ, այսօրվանից սկսում ենք աշխատել միայն ինվոյսներով»: Այսինքն սև շուկան էականորեն կրճատվում է, այսինքն խաղի կանոները միանգամից փոխվում են, բայց հիմա այդ խաղի կանոները չեն փոխվել, և այդ խաղի կանոնները չփոխված` տրված է թիվ`101 միլիարդ, և այստեղ արդեն առաջանում է լուրջ պրոբլեմ` ո՞ւմ հաշվին դա պետք է արվի: Եթե քաղաքական որոշում չկա, ուրեմն դա պետք է արվի փոքր ու միջին բիզնեսի հաշվին, այսինքն այդ մարդիկ հերթական անգամ պետք է ենթարկվեն ճնշման», – ասել է Խաչատրյանը: