Մերձավոր Արևելքի երբեմնի ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը գտնվում է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, վերաբացվել է հոկտեմբերի 23-ին:
Եկեղեցու վերաբացմանը մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վաշինգտոնում ԱՄՆ Արևելյան թեմը ներկայացնող Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Հալեպի հայկական եկեղեցու եպիսկոպոս Շահան Սարգսյանը և այլք, հայտնում է bnaban.am կայքը`հղում կատարելով թուրքական Doğan գործակալությանը:
Ընդհանուր առմամբ, եկեղեցու վերաբացմանը մասնակցել է 1500 հայ։
Հիշեցնենք, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2009 թվականի վերջին: Վերականգնման աշխատանքների իրականացման նախաձեռնությունը պատկանում է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի հիմնադրամին:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին զավթել էր գերմանական բանակը, իսկ 1918-ին այն վերածվել էր տեքստիլային պահեստի: 1952 թվականին հայ համայնքը դիմել էր իշխանություններին այն վերադարձնելու խնդրանքով, որից հետո եկեղեցին կրկին հանձնվել էր հայերին: Այդուհանդերձ, այն կիսաքանդ վիճակում է եղել մինչև 1980 թվականը:
Ավելի վաղ հիմնադրամի նախագահ Էրգյուն Այիկը հայտարարել էր. «Նախևառաջ, սա շատ կարևոր եկեղեցի է ճարտարապետական տեսանկյունից: Երկրորդ հերթին, այն անցյալն է խորհրդանշում: Սա քաղաքում մնացած հայկական 7 եկեղեցիներից մեկն է»: