Այսօր երեկոյան Արամ Խաչատրյանի արձանի մոտ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ ընդդեմ ոստիկանական ապօրինությունների և Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման պահանջով:
Կոնգրեսի անդամները բազմաթիվ պաստառներ էին պատրաստել, որոնց վրա, մասնավորապես, գրված էր. «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Տիգրան մենք քեզ հետ ենք, Ալիկ Սարգսյան, հանցագործ խուլիգան», «Առանց քաղբանտարկյալ Հայաստան», «Հաջորդը դու ես», «Բեն Ալի, Մուբարաք, Քադաֆի, Սերժ Սարգսյան», «Ոչ ոստիկանապետությանը», «Ալիկ Ազատիչ», «Անսերժ Հայաստան», «Քո անտարբերությունը ծնում է նոր ապօրինություն»:
Ակցիան հետաքրքրել էր տարածքով անցնող քաղաքացիներին, ովքեր մոտենում և ակցիայի մասնակիցներից հետաքրքրվում էին, թե ինչ է տեղի ունենում:
Epress.am-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը պատմել է ակցիայի ընթացքում իր և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած շփման մասին:
«Ակցիայի ընթացքում ինձ մոտեցավ Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը և, ուղիղ նայելով «Ալիկ, խուլիգան» գրությամբ պաստառին, ինձ կամաց ասաց, որ ակցիան կարող ենք անցկացնել, միայն խնդրանք ունի՝ չգոռալ, չվանկարկել այն, ինչ գրված է պաստառներին: Այսինքն՝ հայտնելով համերաշխություն այն պաստառների հետ, որը մեզ մոտ կա», – ասել է Վլադիմիր Կարապետյանը:
Ակցիայի ընթացքում ակտիվիստներին միացել է նաև ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա, վերցնելով բարձրախոսը, հայտարարել է.
«Այսօր շատերը մոտենում են ու հարցնում են, թե արդյոք մենք հույս ունենք ճնշում գործադրել իշխանությունների կամ որևէ այլ մարմնի վրա, որպեսզի նրանք Տիգրան Առաքելյանին ազատ արձակեն: Մեր ամենակարևոր հույսը հետևյալն է. մենք այսօր այստեղ ենք` որպես ՀՀ քաղաքացի ասելու Հայաստանում հաստատված հանցագործ իշխանությանը, որ գիտակցում ենք՝ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ քաղբանտարկյալ է, քաղբանտարկյալի թեկնածու: Այսօր ՀՀ-ում Սերժ Սարգսյանի հանցագործ իշխանության համար գոյություն չունի ՀՀ քաղաքացի: Եվ մենք այսօր այստեղ ենք, առաջին հերթին, արձանագրելո, որ նույնիսկ քաղբանտարկյալ դառնալու հեռանկարը մեզ չի կանգնեցնի մեր պայքարի մեջ և մենք ևս մեկ անգամ քաղբանատարկյալ դառնալու սպառնալիքի ներքո շարունակելու ենք մեր պայքարը` Հայաստանում հաստատված սերժանտական հանցագործ իշխանությանը հեռացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ տվյալ պայքարում իրենք հաստատակամ են լինելու և դրա օրինակը Տիգրան Առաքելյանն է, ով բանտում նույնպես չի դադարում պայքարել:
«Դրա օրինակը նաև Վարդգես Գասպարին է, ով ընդամենը ժամեր առաջ է դուրս եկել բանտից և այսօր բարձրաձայնում է իր անհամաձայնությունը`Հայաստանում հաստատված անբարոյական և ապօրինի իշխանության գոյության հետ»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակից, երկու օր առաջ գրավի դիմաց ազատ արձակված Վարդգես Գասպարին ձերբակալվել էր նախորդ հինգշաբթի ՀՀ կառավարության շենքի մոտ «Բանակն իրականում» նախաձեռնության ակցիայի ընթացքում:
Գասպարիին մեղադրում են խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտել էր Գասպարիի ձերբակալության փաստը՝ նշելով, որ ակտիվիստից վրեժխնդիր է լինում անձամբ ոստիկանապետը, ում Գասպարին խուլիգան է անվանել: ՀԱԿ համակարգող Վլադիմիր Կարապետյանի գնահատականի համաձայն, Գասպարիի գործողությունները տեղավորվում են քաղաքական գործունեության շրջանակներում: