Վանում գտնվող Թուրքիայի կառավարության անդամները հայտարարել են, որ իրենք կկարողանան սեփական ուժերով լուծել երեկ ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրները:
Մասնավորապես, առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ երկրաշարժից տուժած երկրի արևելյան շրջանում ամեն ինչ նորմալ է, սակայն տեղի բժիշկները համաձայն չեն այս կարծիքի հետ:
Աքդաղը նշել է, որ հիվանդանոցներն ու բժշկական անձնակազմը համապատասխան վիճակում են, և կարիք չկա երկրաշարժից տուժածներից այլ շրջանների հիվանդանոցներ տեղափոխել: Այդուհանդերձ, Hürriyet Daily News-ը հայտնում է, որ իրենց հետ մասնավոր զրույցի ընթացքում բժիշկներից մեկը, ով չի ցանկացել նշել իրանունը, հայտնել է, որ քաղաքի հիվանդանոցները լուրջ վնասվել են և իրենք օգնության կարիք ունեն:
Տեղի բուժանձնակազմը խնդիրներ է ունեցել գանգուղեղային վնասվածքներով դեպքերի ժամանակ սարքավորումների և համապատասխան միջոցների բացակայության պատճառով, ասել է բժիշկը` հավելելով, որ հիվանդները պետք է տեղափոխվեն այլ քաղաքների հիվանդանոցներ պատշաճ բուժում անցնելու համար:
Պարբերականը նշում է, որ մինչ տարածաշրջանում շարունակվում են ստորգետնյա ցնցումները, քաղաքացիներին տեղավորել են հինգաստղանի հյուրանոցներում, անգամ Rescate հյուրանոցում, որտեղ կանգ են առել նախարարները:
Պարբերականը նշում է, որ երկրաշարժից տուժածները քնել են բազմոցներին, մինչդեռ նախարարները տեղավորվում էին սենյակներում:
Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը ֆորս մաժորային իրավիճակ է հայտարարել Վանում` մեկ տարով հետաձգելով բոլոր հարկերի վճարումները:
Նշենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն արդեն ճանաչված 270 զոհ կա, ևս 1300-ը վիրավոր են: Դեռևս փլատակների տակ են հազարավոր մարդիկ: