Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի դիրքերում անցած տարվա հուլիսի 27-ին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը կիրականացվի Երևանում։ Մինչ այդ դատական նիստերն անցնում էին Բերդ քաղաքում:
Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ դատական նիստերը Տավուշից Երևան տեղափոխելը բխում է բոլոր կողմերի շահերից, քանի որ նախկինում մեծ հեռավորության պատճառով դատական նիստերը, ըստ էության, ձախողվում էին. դատական չորս նիստերից երեքը հետաձգվել են:
Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, գործով հինգ մեղադրյալներ կան: Զոհվածի հարազատները, սակայն, մշտապես պնդել են, որ երիտասարդին սպանել են:
Ծովինար Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անվստահություն հայտնելով նախաքննության արդյունքների վերաբերյալ, կարծիք է հայտնել, որ այս գործով ամենաարդար դատավճիռը կլինի նախաքննությունը վերսկսելու վճիռը։
«Նախաքննությունը ոչ միայն օբյեկտիվ չի եղել, այլև թաքցրել և կեղծել է բազմաթիվ իրեղեն ապացույցներ, կեղծել է ցուցմունքներ, որը մենք ընթացքում, իհարկե, կապացուցենք», – ասել է Ծովինար Նազարյանը։