Ցանկացած ուժ, որը հրաժարվում է այս ռեժիմի հետ համագործակցությունից ու նրան սատարումից ու սկսում է պայքարել այս ռեժիմի դեմ, միայն այդ փաստով դառնում է ժողովրդի բնական դաշնակիցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Բոլորը պիտի հասկանան Սերժ Սարգսյանի ռեժիմի շարունակության վտանգը մեր պետականության համար: Համաժողովրդական շարժումը, Հայ Ազգային Կոնգրեսը լինելու է վճռական մինչև վերջ: Թե մեզ կօգնեն, թե մեզանից առանձին նույնպես կպայքարեն ռեժիմի դեմ, դա նրանց խղճի և քաղաքացիական պարտքի հարցն է: Մենք ոչ մեկից ոչ մի օգնություն չենք հայցում, մենք ուղղակի ասում ենք, որ կա պատմության ճիշտ կողմը և ով ցանկանում է հայտնվել պատմության ճիշտ կողմում, իր ընտրությունը պետք է կատարի»,- ասել է Լևոն Զուրաբյանը` խոսելով այլ քաղաքական ուժերի` ՀԱԿ-ին սատարելու հնարավորության մասին:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես է Զուրաբյանը վերաբերվում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությանը, նա պատասխանել է, որ այսօր աշխարհն ականատես է շատ տհաճ զարգացումների:
«Փաստորեն, բռնությամբ են բոլոր հարցերը լուծվում, այդ ամենի պատասխանատվությունը կրում է Քադաֆին: Երբ կա ռեժիմի և ժողովրդի մեջ այսպիսի մի ճգնաժամ ու անջրպետ, ի վերջո ռեժիմն է որոշում, թե այդ առճակատումը որ աստիճանի է հասնելու: Մենք կարծում էինք, որ Սերժ Սարգսյանը կարող է գնալ Յարուզելսկու (80-ականներին կոմունիստական Լեհաստանի ղեկավարը, 1989-90թթ. Լեհաստանի նախագահ) ճանապարհով, այսօր նա այդ ճանապարհից հրաժարվել է, մեղքը իր գլուխը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը նաև վստահություն է հայտնել, որ գալու է այն օրը, երբ իրենք օգտագործելու են ժողովրդական ընդվզման ամբողջ զինանոցը, և դրա մեջ, եթե անհրաժեշտություն լինի, մտնելու է նաև անժամկետ շուրջօրյա նստացույցի կազմակերպումը: Զուրաբյանը նաև նշել է, որ պետք է բոլոր գործոնները հասունացնել, բայց չի բացառել, որ դա կարող է լինել յուրաքանչյուր օր, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին, երբ կկայանա ՀԱԿ-ի հանրահավաքը: Նա ՀԱԿ-ի համակիրներին կոչ է արել ամեն դեպքում տաք հագնվել: