Պետական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ Կրեմլի Մեծ Պալատում առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանը եղել և վստահորեն մնում է Հայաստանի առաջին գործընկերը և՛ ապրանքաշրջանառության, և՛ ներդրումների, և՛ համատեղ ձեռնարկությունների քանակի առումով:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք ձեռք բերվածով: Պետք է բազմազանեցնել մեր առևտրատնտեսական կապերը, օգտագործել բոլոր հնարավորությունները էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում, գյուղատնտեսության, շինարարության մեջ, լրացուցիչ խթան հաղորդել միջտարածաշրջանային համագործակցությանն ու զբոսաշրջությանը, զարգացնել ներդրումային նախագծերը և համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, բժշկության գծով և այլ ոլորտներում», – ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են միջազգային ասպարեզում երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային գործերի, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին:
«Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ և անձամբ իր մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տասը հանդիպում, ստորագրվել է երեք հայտարարություն, որոնք ոչ միայն օգնեցին պահպանել փխրուն խաղաղությունը, այլ նաև ստեղծեցին հնարավորություններ, դժվար է ասել, կողմերի միջև վստահության չափի ամրապնդման, բայց, ամեն դեպքում` վստահության ինչ-որ նշանների առաջացման համար:
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների կողմից Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունվել է երեք հայտարարություն, որոնք նշմարում էին խաղաղ կարգավորման ուրվագծերը:
Մեր այսօրվա հանդիպման ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի նվիրվածությունը` բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա հակամարտության շուտափույթ լուծմանը: Հենց այս ոգով ենք տեսնում հարցի կարգավորումը, երաշխավորված խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման հնարավորությունները», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: