Երեկ Մարդու իրավունքները եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիայի կառավարության կողմից 301 հոդվածով (քրեաորեն հետապնդելի է համարում թուրք ազգին կամ թուրքական կառավարությանը վիրավորելը կամ վարկաբեկելը) Հայոց Ցեղասպանության մասին իր հայացքների համար գիտնական Թաներ Աքչամի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը ոտնահարում է վերջինիս` խոսքի և ազատ արտահայտման իրավունքը, որը բխում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ հոդվածից: Այս մասին հաղորդում է Հայ դատի ամերիկյան գրասենյակը:
Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող գիտնականը սպառնալիքների և հետապնդումների թիրախ է դարձել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետն արտահայկտելու և այդ թեմայով իր բացահայտումները հրապարակելու համար: Հրանտ Դինքի (2007 թվականին Ստամբուլում սպանված թուրքահայ լրագրող) մտերիմ ընկեր Թաներ Աքչամը քաջատեղյակ էր Թուրքիայում տաբու համարվող այս թեմայի մասին խոսելու վտանգներից: Դատարանն իր վճիռում հղում է կատարում նաև Հրանտ Դինքին և նշում. «Հայտնի փաստ է, որ Հրանտ Դինքը ծայրահեղականնների թիրախ դարձավ` «թրքությունը վիրավորելու» մասին քրեական դատավճռի արդյունքում»:
Դատարանը եզրակացնում է, որ 301 հոդվածում «թրքություն» բառը «թուրք ազգ» արտահայտությամբ փոխարինելը «ոչ մի էական փոփոխություն կամ տարբերություն չի մտցրել այս հայեցակարգի մեկնաբանության հարցում, քանի որ դրանք ընկալվում են միևնույն ձևով վճռաբեկ դատարանի կողմից, այլ կերպ ասած, այն շոշափելի փոփոխություն չի մտցնում խոսքի և ազատ արտահայտման իրավունքի պաշտպանության բարձրացման գործում»:
Ողջունելով դատարանի որոշումը`Թաներ Աքչամն ասել է. «Թուրքիան պետք է հասկանա, որ պատմությանը դիմահար նայելն ու անցյալում մարդու իրավունքների ոտնահարման փաստը ընդունելը ոչ թե հանցագործություն է, այլ տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների վերականգնման նախապայման: Ես ինձ Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասն եմ համարում, որը պայաքարում է իրավամբ ազատ և ժողովրդավարական Թուրքիա ունենալու համար: Սա չի կարող երբեք կյանքի կոչվել, քանի դեռ Թուրքիան շարունակում է քրեականացնել Հայոց Ցեղասպանության քննարկումը»:
Գիտնականը նշել է նաև, որ նման թունավոր օրենքի առկայության պայմաններում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն անհնարին է հասնել: