Թուրքիան Վանի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր քաղաքացիների համար շարժական կացարաններ ուղարկելու խնդրանքով հոկտեմբերի 25-ին դիմել է Իսրայելին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով Իսրայելի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարին:
Նրա խոսքով` իսրայելցի պաշտոնյաները արդեն սկսել են քննարկել այս հարցը: Շարժական կացարաններով առաջին ինքնաթիռը Թուրքիա կժամանի արդեն այսօր`հոկտեմբերի 26-ին:
Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ նման հարցումներ է ուղարկել ավելի քան 30 երկրների` բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն էին առաջարկել ավերիչ երկրաշարժից հետո: Նշենք, որ սկզբում Թուրքիան հրաժարվել էր այս երկրների օգնությունից` հայտարարելով, որ ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները:
Հիշեցնենք, որ Թուրքիային իր օգնությունն առաջարկած երկրների թվում էր նաև Հայաստանը, որը երկու անգամ պատրաստակամություն հայտնեց աջակցելու աղետից տուժածներին:
Նշենք նաև, որ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար Թուրքիային 4,5 միլիոն եվրո գումար է տրամադրել նաև Եվրոպական Միությունը:
Reuters գործակալության լուսանկարում փրկարարները փլատակներից հանում են 14 օրեկան երեխայի: