Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է քաղաքի կենտրոնական փողոցները «մաքրել» գովազդային վահանակներից, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Գովազդային վահանակներ տեղադրելու հնարավորություն մինչև այժմ ունեին ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքոլ գրուպ» և Նուշիկյաններին պատկանող «Նուշիկյան ասոցիացիա» ընկերությունը:
«ՉԻ» տեղեկություններով` Կարեն Կարապետյանի փեսան պարզապես դրսից սկսել է գովազդային էկրաններ ներկրել, և քաղաքապետը որոշել է խթանել նրա բիզնես գործունեությունը, այն է` գովազդային վահանակները փոխարինել գովազդային էկրաններով:
Երեկ Գուրգեն Արսենյանը մամլո ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ բարբարոսաբար ոչնչացվել են իրենց պաստառները, 110 հազար ԱՄՆ դոլարի չափով վնասվել է Արսենյանը, 170 հազար ԱՄՆ դոլարի չափով`Նուշիկյանները: «Մենք քաղաքային այսպիսի իշխանության հետ չպետք է աշխատենք: Մարդիկ ենք, որ հարկեր ենք մուծում, պետություն ենք պահում, մեր արժանապատվությունից ցածր է այդպիսի մարդկանց հետ աշխատել: Ես հրահանգ եմ տվել դադարեցնել մեր գործունեությունը. պատճառը նյութականը չէ, այլ անպատվաբեր աշխատանքը քաղաքային այպիսի իշխանությունների հետ», հայտարարել է Արսենյանը: Թերթը նշում է, որ երկու ընկերություններն էլ դիմել են դատարան: