Երեկ երեկոյան Թուրքիայի Վան քաղաքում գրանցված 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հետցնցումները: Միջազգային սեյսմիկ ծառայությունների հաղորդմամբ, մոտ 100 ցնցում է գրանցվել, որոնցից մեծ մասը 3,5-ից մինչև 4,7 մագնիտուդ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ երեկվա երկրաշարժը զգացել են նաև Հայաստանի տարածքում, մասնավորապես, Երևանում:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, նոր երկրաշարժի փաստը մեծացրել է Վանում տիրող լարված վիճակը: Չնայած Թուրքիայի կառավարությունը հարյուրավոր վրաններ է տեղադրել և սննդի բաժանման կետեր է բացել Վանում և հարակից գյուղերում ու փոքր քաղաքներում, տուժածներից շատերը բողոքում են օգնության բաշխման կարգից:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, վրանները չեն բավարարում գյուղերից Վան եկած բնակիչների համար, ովքեր չեն ցանկանում ձեռնունայն վերադառնալ տուն:
«Եթե ես հետս բան չտանեմ տուն, գյուղում ինձ կսպանեն», – Hurriyet-ի հետ զրույցում ասել է Վանից 39 կմ հեռավորության վրա գտնվողԿարաաղաչ գյուղի բնակիչը:
Երեկ երեկոյան աղետի գոտում վրանների պակասի փաստն ընդունել են նաև Թուրքիայի կառավարության անդամները:
Օգնությունը բաժանելու խնդիրներին ավելանում են նաև շենքերի սեյսմակայնություն հետ կապված բողոքները: Շատերը Վանում նշում են,որ շենքերի կառուցման ժամանակ շինարարական ընկերությունները ծախսերը կրճատելու համար հաշվի չեն առել, որ քաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվության գոտում, ինչն աղետալի հետևանքների է բերել երկրաշարժից հետո:
Նշենք, որ երեկ երեկոյան Թուրքիայի արտակարգ իրավիճակների տեսչությունը հայտարարել է, որ կիրակի օրը գրանցված առաջին երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 459-ի: