Home / Հայաստան / Ադրբեջանական անօդաչու սարքը Ղարաբաղում կործանել են ռուսները. ԶԼՄ-ներ

Ադրբեջանական անօդաչու սարքը Ղարաբաղում կործանել են ռուսները. ԶԼՄ-ներ

Հետախուզության և անվտանգության ոլորտում մասնագիտացած իսրայելական Debkafile կայքը հաղորդել է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը սեպտեմբերի 12-ին կործանվել է Լեռնային Ղարաբաղում ոչ թե հայկական զինված ուժերի, այլ ռուսական ռազմական խմբի կողմից, որը միաժամանակ հատուկ սարքավորում է օգտագործել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հղում կատարելով սեփական ռազմական աղբյուրներին` Debkafile հաղորդել է, որ չնայած Ռուսաստանի և Իրանի կողմից իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության նկատմամբ նախանձախնդրությանը, անօդաչու թռչող սարքերի մատակարարումը շարունակվելու է: Առաջիկա երկու ամիսների ընթացքում, ադրբեջանական բանակը 2 տեսակի 60 անօդաչու թռչող սարք կընդունի: Մեկը 2М Orbiter-ն է, որի առաստաղը 4-6 կմ է և կարող է օդում  մնալ 5 ժամ, ինպես նաև Aerostar-ը, որը կարող է բարձրանալ մինչև 10 կմ և օդում մնալ 12 ժամ:

Օրակարգում դրված է նաև Ադրբեջանին մինիհրթիռներով կառավարվող թռչող սարքերով հագեցնելը: Դրանք արդյունավետորեն օգտագործվում են իսրայելական բանակի կողմից:

Արևմտյան հետախուզական աղբյուրների տվյալների համաձայն, Երուսաղեմն ու Բաքուն նաև քննարկումներ են անցկացնում իսրայելական ռազմական արբանյակ-հետախույզների վաճառքի մասին: Բայց անգամ հիմա, ինչպես պնդում են իրանական աղբյուրները, Իսրայելը Կասպից Ծովի ափին` Ադրբեջանի տարածքում, հատուկ ռադիոլոկացիոն կայաններ է տեղադրել, որոնք անօդաչու սարքերն օգտագործում են մեծ հեռավորության վրա տարածքին և հատկապես միջուկային օբյեկտներին հետևելու համար: