Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարապետ Միքայելյանին` բուժման ծախսերը հոգալու համար: Այս մասին Հայրապետյանը գրել է Facebook-ի իր էջում:
«Ես արդեն հայտարարել եմ և տեղյակ եմ պահել, որ ֆեդերացիան պատրաստվում է օգնել նրան, ուղղակի նրա կինը պետք է ինձ տեղեկացներ, թե ինչպես կարող եմ դա անել»,- գրել է ՀՖՖ նախագահը:
Հիշեցնենք, որ ներկայումս Մոսկվայում ապրող Միքայելյանին անհապաղ սրտի փոխպատվաստման վիրահատություն է անհրաժեշտ: Նրա սիրտը երեք անգամ ավելի դանդաղ է աշխատում և կարող է յուրաքանչյուր պահի կանգ առնել: Ֆուտբոլի վետերանը նախօրեին Sports.ru-ի հետ զրույցում հայտարարել էր, որ դեռևս ոչ մի դրամական միջոց չի ստացել որևէ մեկի կողմից: Նշենք, որ ֆուտբոլիստին սրտի վիրահատության կամ սրտի փոխպատվաստման համար ավելի քան 25 հազար դոլար գումար է անհրաժեշտ:
«Հասկանում եք, եթե ես գոնե ինչ-որ գումարներ ունենայի, ես երբեք օգնություն չէի խնդրի: Բայց այստեղ այսպիսի իրավիճակ է: Ահա ես ձեզ հետ խոսում եմ և փորձում եմ ինձ պահել: Բայց իրականում, ներսումս պարզապես խուճապ է»,- Sports.ru-ի լրագրողի հետ զրույցում ասել էր Կարապետ Միքայելյանը: