Հոկտեմբերի 20-ին Սիրտ քաղաքի մոտակայքում լիբիական ջամահիրիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի նկատմամբ լինչի դատաստան տեսած ապստամբների թվում, հնարավոր է, եղել են ռուսներ: Նման եզրակացության են եկել «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողները` ուշադիր դիտելով հեռուստադիտողներից մեկի կողմից իրենց ուղարկված տեսանյութը, որտեղ գազազած ամբոխը ծեծի է ենթարկում արյունահոսող հրամանատարին:
Տեսանյութում բառեր են լսվում, որոնք կարելի է մեկնաբանել որպես անհասկանալի շեշտադրումով ռուսական արտահայտություն. “Ну что, давай носилки, будем уносить” («Դե ինչ, բեր պատգարակը, տանենք»):
Հեռուստաալիքի մեկնաբանների խոսքով` արաբերենին տիրապետող իրենց գործընկերները հերքել են այս վարկածը` նշելով, որ, հավանաբար, արտահայտությունը արաբերեն է հնչել, պարզապես բառերը նման են ռուսերեն խոսքերին: Միաժամանակ համացանցի օգտատերերը կարծում են, որ հեռուստաալիքը կեղծ տեսանյութ է եթեր հեռարձակել: