Հայկական յոթ հեռուստաընկերություններ, որոնք երկու օր առաջ Հայ ազգային կոնգրեսի կողմից ստացել էին հոկտեմբերի 28-ի հանրահավաքի իրազեկման մասին տեսահոլովակը, երեկվա դրությամբ որևէ ձևով չեն պատասխանել Կոնգրեսին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Սակայն, ըստ «ՀԺ»-ի, դեռ նախանցյալ շաբաթ, մասնավորապես, «12» հեռուստաընկերության գովազդային բաժնի ղեկավարը թերթի թղթակցին հայտնել էր, որ Կոնգրեսից նման հոլովակ կամ հայտարարություն ստանալու դեպքում իրենք այն եթեր կհեռարձակեն, այնպես, ինչպես հեռարձակում էին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին տեղեկատվությունը:
Թերթը նշում է, որ «12»-ի համապատասխան պաշտոնյան երեկ ամբողջ օրը չի չպատասխանել իրենց հեռախոսազանգերին, իսկ իրազեկման մասին հոլովակն էլ եթեր չի հեռարձակվել:
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը երեկ տեղեկացրել է «ՀԺ»-ին, որ հանրահավաքի իրազեկման մասին հոլովակներն ուղարկվել էին Հ1, Հ2, «Արմենիա» , «Կենտրոն», «Շանթ», «Ար» և «12» հեռուստաընկերություններին:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը կկայանա այսօր, ժամը 18:30-ին: