Շվեդ և ամերիկացի լեզվաբանների մի խումբ վիճակագրական մեթոդների շնորհիվ կոտրել է 18-րդ դարի մասոնների գաղտնի` Կոպիալեի ծածկագիրը, հայտնում է Gazeta.ru-ն:
18-րդ դարի վերջին ստեղծված 105 էջանոց ձեռագրի վերծանման մասին գիտնականները պատմել են ԱՄՆ-ում համակարգչային լեզվաբանության ասոցիացիայի համաժողովի ընթացքում:
Արևելյան Գերմանիայի ակադեմիական արխիվներում հայտնաբերված գիրքը 75 հազար լատինական տառեր և առեղծվածային խորհրդանիշներ է պարունակում:
Գիտնականներ Քևին Նայթը, Բեատա Մեյուեսին և Քրիստիան Շեֆերը կարողացել են վերծանել գրքի առաջին 16 էջերը: Այնտեղ ընդգրկված է հավանաբար աչքի վիրաբուժությամբ և ակնաբուժությամբ հետաքրքվող գաղտնի միության ծիսակատարությունների մանրամասն նկարագրությունը:
Բնօրինակի լեզուն հայտնի չէր, այդ իսկ պատճառով գիտնականները սկզբում ենթադրել էին, որ խորհրդավոր նշանները ոչինչ չեն նշանակում, և ողջ իմաստը լատինատառ բառերի մեջ է թաքնված: Այնուհետև նրանք եզրակացրել են, որ գրքի օրիգինալ լեզուն գերմաներենն է, իսկ լատինական տառերը իմաստ չունեն: Շուտով պարզ դարձավ, որ լատինական տառերը բացակների դեր են կատարում, իսկ երկու կետերը ցույց են տալիս նախորդ բաղաձայնի կրկնապատկումը: Հետազոտողները հրապարակել են վերծանման տվյալները, ինչպես նաև տեքստի անգլերեն թարգմանությունը:
Գիրքը լույս է սփռում 18-րդ դարի քաղաքական գաղափարների տարածման վրա: Այդ ժամանակաշրջանում սովորական երևույթ դարձած գաղտնի միությունները ազդեցություն են գործել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հեղափոխությունների վրա: Այս ձեռագրում մեկնաբանություններ կան նաև մարդու բնական պահանջների մասին: