Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրել են Հայաստան – Եվրոպական Միություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը: Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի և Եվրոմիության միջև միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը և ՀՀ քաղաքացիների օրինական մուտքն կանոնակարգելը:
Հռչակագրի ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հռչակագրի ստորագրման կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարևոր բաղադրիչ է կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի և ԵՄ քաղաքացիների միջև շփումների խրախուսումն ու ակտիվացումը:
«Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը Հայաստանի և ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ և հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայանգրեր», – ասել է Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է: