Ամերիկյան Ֆլորիդա նահանգի եկեղեցիներից մեկի քահանա Թերի Ջոնսը, ով հայտնի էր դարձել հանրությանը մահմեդականների սուրբ գիրքը`Ղուրանը հրապարակավ այրելուց հետո, հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է Ջոնսը WOKV ռադիոկայանի եթերում, հայտնում է Lenta.ru-ն:
Պահպանողական արժեքներ քարոզող հոգևորականի խոսքով` նա որոշել է նախագահի պաշտոնի համար առաջադրվել, քանի որ չի վստահում Հանրապետական կուսակցության ներկայիս թեկնածուներին, որոնք մինչև վերջ անկեղծ չեն ընտրողների հետ:
Ջոնսի նախընտրական ծրագրի մեջ կմտնեն այնպիսի կետեր, ինչպիսին են պետական ծախսերի կրճատումը, ԱՄՆ տարածքից բոլոր ապօրինի ներգաղթյալների արտաքսումը, ինչպես նաև արտասահմանյան ռազմական գործողություններին մասնակցող ամերիկացի զինվորների վերադարձը տուն:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 20-ին Ջոնսը և իր համակիրները իմպրովիզացված դատ էին անցկացրել Ղուրանի նկատմամբ:
Մի քանի րոպե խորհրդակցելուց հետո, «ատենակալները» գիրքը մեղավոր էին ճանաչել բազմաթիվ հանցագործությունների մեջ և մահապատժի էին դատապարտել: Նրանք վառելիքը լցրել էին գրքի վրա, դրել այն մետաղական աղբամանի վրա և այրել Ղուրանի նմուշներից մեկը:
Ջոնսն առաջին անգամ հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում 2010-ի ամռանը, երբ առաջարկել էր սեպտեմբերի 11-ը հայտարարել «Ղուրանի հրկիզման օր»: Սակայն նախաձեռնությունը ամերիկացիների վրդովմունքն էր հարուցել և նա ստիպված էր եղել հրաժարվել նախաձեռնությունից: