Ամերիկյան NBC հեռուստաալիքը Today Show հաղորդման ընթացքում ցուցադրել է Aerosmith հայտնի ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերի լուսանկարները, որոնք նա անձամբ ուղարկել է հեռուստատեսություն և որտեղ երևում է նրա վնասված դեմքը լոգարանում ընկնելուց հետո:
Նշենք, որ երեքշաբթի Սթիվեն Թայլերը հետաձգել էր համերգը հյուրանոցի լոգարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով: Նա հիվանդանոց էր տեղափոխվել Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում այն բանից հետո, երբ ընկել և կոտրել էր դեմքը: Նա կորցրել էր նաև մի քանի ատամ:
Երաժիշտը հերքել է լուրերն այն մասին, որ ընկել է ոչ սթափ վիճակում լինելու պատճառով: «Ես գիտեմ, որ մարդիկ այդպես են մտածել: Դա նախկինի պես ինձ մի փոքր անհանգստացնում է, և դա խնդիր է, որին ես ստիպված կլինեմ բախվել ողջ կյանքիս ընթացքում»,-նշել է նա:
Թայլերը պնդում է, որ դժբախտ պատահարի պատճառը գիտակցության կորուստն է եղել: