Ամերիկահայ բժիշկ, էֆթանազիայի քարոզչությամբ զբաղվող հայտնի Ջեք Գևորգյանին պատկանող ինքնասպանության մեքենան հանվել է նրա իրերի աճուրդից, որովհետև մեքենայի համար անհրաժեշտ քանակով գումար չեն առաջարկել:
Նրա 17 նկարները, որոնք դատական հայցով վիճարկվում են Բոստոնի թանգարանի կողմից, այդպես էլ գնորդ չեն գտել, հայտնում է AP գործակալությունը:
Գևորգյանի արյամբ արված նկարը, մի շարք այլ կտավներ և Գևորգյանին պատկանող մոտ հարյուր անձնական իրեր վաճառքի էին դրվել Նյու Յորքի Տեխնոլոգիաների ինստիտուտում: 17 նկարները նախապես 2,5-3,5 միլիոն դոլար էին գնահատվել:
Գևորգյանի սեփականության պատասխանատու Ռոջեր Նիլը, սակայն, զարմացած չէ, որ նկարները չեն վաճառվել:
«Ես չգիտեմ, քանի մարդ կցանկանար գնել այն գործերը, որոնք դատական գործընթացի մեջ են գտնվում»,-ասել է նա:
Ինքնասպանության մեքենան նախապես գնահատվել էր 100,000- 200,000 ԱՄՆ դոլար, սակայն գործիքի համար առաջարկվող առավելագույն գումարը եղել է 65,000 դոլարը:
«Տանատրոն» անվամբ հայտնի ինքնասպանության մեքենան մահացու դեղը ներարկում է մարդու օրգանիզմի մեջ, որի հետևանքով հիվանդը քնում էր, որից հետո էլ կանգնում էր նրա սիրտը: Այն ստեղծվել է տնային պայմաններում` տարբեր գործիքներից, խաղալիքների մասերից, մագնիսներից և էլեկտրական սարքերից: