ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ նշել է, որ հետևյալ հարցն ունի կառավարությանը. ինչու է ՀՀ կառավարությունը նոր հարկային փաթեթով պարտադրում եկամուտների պետական կոմիտեին այդքան կոշտ և ծանր ճնշման տակ դնել մանր և միջին բիզնեսը:
Հովհաննիսյանը մասնավորեցրել է` նշելով, որ, օրինակ, սրճարանների տերերն անընդհատ վերահսկվում են:
«Կաֆեների տերերին անընդհատ վերահսկելը, անընդհատ մի բանակ հարկային տեսուչներ նրանց կաֆեներում պահելը, որ հաշվեն կալբասը ինչ հաստությամբ են կտրում, դա ճիշտ չէ, դա աննորմալ երևույթ է», – ասել է ՀՅԴ-ական գործիչը:
Լրագրողը հարցրել է Հովհաննիսյանին, որ եթե նա դեմ է սրճարանների նկատմամբ տարվող պարտադրանքին, ինչու Հայ Ազգային Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ փակվեց նաև Ազատության հրապարակի շրջակայքում գտնվող դաշնակացական գործչին պատկանող սրճարանը, իսկ ՀՅԴ-ն լռեց:
Հովհաննիսյանն ասել է, որ դա մասնավոր սեփականություն է և նման հարցով պետք է դիմել սրճարանի տիրոջը:
«Եթե ձեզ թվում է, որ տարբեր կուսակցություններում բոլորը վերահսկում են բոլորի սեփականությունը, ուրեմն դուք կարող եք հանրապետականներին էնքան հարցեր ուղղել… թե ինչու այս հանրապետականի սեփականությունը էսպես գործեց, փակվեց կամ այնպես գործեց, նույնը կարող եք ԲՀԿ-ի կամ «Օրինաց երկրի» ներկայացուցիչներին տալ: Հիմա եթե դաշնակցության ներկայացուցիչներից մեկը ունի կաֆե և չի ցանկանում, որ այդ կաֆեն, ասենք, ինչ-ինչ պատճառներով ջարդ ու փշուր լինի, ու փակում է ինչ-որ ժամանակով, դուք կարծում եք դա կատարվում է կուսակցության որոշմա՞մբ: Եթե այդպես եք կարծում, խորապես սխալվում եք: Դա մասնավոր սեփականություն է և յուրաքանչյուրը տնօրինում է այնպես, ինչպես որ ցանկանում է, ինչպես որ գտնում է հարմար», – ասել է Հովհաննիսյանը:
Պատգամավորը խոսել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի մասին` նշելով, որ ՀՅԴ-ն չի միանա այդ քաղաքական ուժին:
Անդրադառնալով Կոնգրեսի այն հայտարարությանը, համաձայն որի, եթե ՀԱԿ-ը այժմ չհասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա դա կանի խոհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ թվով ձայներ հավաքելով, Հովհաննիսյանն ասել է.
«Իրենց ասածը մեր մի տարի առաջ ասածից ինչո՞վ է տարբերվում: Բայց իրենք մի տարի առաջ ասում էին ի՞նչ ընտրություններ, միայն արտահերթ, հեսա քշելու ենք բոլորին, հեսա 500 000 մարդ ենք հանում փողոց: Հիմա արդեն հերթական ընտրությունների մասին են խոսում, թող գնան ու հաղթեն»: