Թուրքական ոստիկանությունը հոկտեմբերի 28-ին կալանավորել է հայտնի իրավապաշտպան և Belge հրատարակչատան տնօրեն ազգությամբ քուրդ Ռագիփ Զարաքօղլուին, հաղորդում է scoop.co.nz-ն:
Զարաքօղլուն ձերբակալվել է քրդերի և մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ կազմակերպված լայնածավալ ոստիկանական գործողությունների հետևանքով:
Նրա որդին`Դենիզ Զարաքօղլուն, ով միաժամանակ հանդիսանում է Belge հրատարակչատան խմբագիրը, ձերբակալվել էր հոկտեմբերի 4-ին:
Նշենք, որ Ռագիփ Զարագօղլուի հրատարակչատունը բազմաթիվ գրքեր է հրատարակել ինչպես Հայոց Ցեղասպանության, այնպես էլ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների մասին:
2005 թվականին Ցեղասպանության մասին գրքերի հրատարակման համար նրան դատական կարգով հետապնդել են:
Թուրքիայի հակաահաբեկչական մարմինները նմանօրինակ գործողություններ են կազմակերպել նաև կասկածելի համարվող «Քուրդիստանի համայնքների միության» անդամների նկատմամբ նախորդ ուրբաթ` բերման ենթարկելով 41 անձանց:
Նրանց մեղադրում են քուրդ ահաբեկիչների հետ կապերի կամ տարբեր լրատվության միջոցներով նրանց ձայն տրամադրելու համար:
Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (BDP) համանախագահ Սելահաթան Դեմիրթաշը քննադատել է ձերբակալությունների նոր ալիքը:
«Մենք ի վիճակի չենք լինի խոսել նոր սահմանադրության ստեղծման առողջ գործընթացի մասին, եթե այսպես շարունակենք: Մեր կուսակցության անդամներից և ոչ ոք չի կարողանա մասնակցել նոր սահմանադրության մշակման աշխատանքներին»,-ասել է Դեմիրթաշը: