Երեկ երեկոյան ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնից հեռանալու մասին տարածված լուրերը ճշտելու համար «Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է անձամբ ոստիկանապետի հետ, ով նշել է, որ առայժմ տեղյակ չէ իր ներկա պաշտոնից հեռանալու և այլ պաշտոն ստանձնելու մասին: Հիշեցնենք, որ համաձայն տարածված տեղեկատվության Ալիկ Սարգսյանը պետք է նշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ նրան ոստիկանապետի պաշտոնում պետք է փոխարինի Վլադիմիր Գասպարյանը:
– Պարոն Սարգսյան, ձեր պաշտոնանակության մասին լուրեր ենք ստանում, ցանկանում ենք ճշտել, որքանո՞վ են դրանք իրականությանը համապատասխանում:
– Ինձ էլ են զանգում, ասում, ինձ օֆիցիալ որևիցէ մեկը ոչ մի բան չի ասել: Ինձ էլ են ասել, սաղ քաղաքը դա է խոսում:
– Սերժ Սարգսյանի հետ չե՞ք հանդիպել, չե՞ք զրուցել:
– Այսօր հանդիպել եմ, սովորականի պես իմ գործերը զեկուցել եմ, նորմալ դուրս եմ եկել, ոչ մի բան չկա: Վիճակը նորմալ է, խաղաղ է, ոչ մի նման խնդիր չունեմ:
– Իսկ որտեղի՞ց են այդ լուրերը շրջանառության մեջ դրվում և ինչո՞ւ:
– Ես չեմ կարող որևէ բան պատասխանել: Ես նորմալ ծառայում եմ: Իրա (Սերժ Սարգսյանի – ՀԺ) կողքն եմ լինելու մինչև վերջ: Անկախ տեղափոխություն կանի, չի անի, ես, միևնույնն է, իր կողքն եմ լինելու մինչև վերջ: Ես ուրիշ ոչ մեկի կողմը չեմ: Իրա հետ աշխատելու եմ մինչև վերջ, չաշխատեմ էլ` իրան հավատարիմ, ես իրա կողքը լինելու եմ: Գործի չլինեմ էլ, գործից էլ հանի, իրա կողքը ծառայելու եմ մինչև վերջ: Ոչ մի բան տեղյակ չեմ: Ես տեղափոխվելու, նոր ընտրության ոչ կարիք ունեմ, և ոչ էլ մտադրություն, ոչ էլ իրանից երբևիցէ կնեղանամ: Մարդ ես` մի օր էլ պետք է տեղափոխվես, ոչ մի պաշտոն հավերժական չի, մի օր նշանակվում ես, մի օր էլ տեղափոխվում, կամ էլ մի օր հանում են, նորմալ է: Եթե նույնիսկ նման բան լինի, էլի շատ գոհ եմ, շնորհակալ եմ, մարդը ինձ միշտ վստահել է: