ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հաստատել է իր պաշտոնանկության մասին լուրը։
«Ինձ նոր են զանգահարել, գիտեմ որ այդ փոփոխությունը լինում ա», – ասել է Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, թե իր համար անսպասելի ոչինչ չկա․
«Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու»։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ինչո՞վ է նա բացատրում պաշտոնից ազատվելը, գուցե վատ աշխատանքո՞վ, Ալիկ Սարգսյանը պատասխանել է, թե նման բան չի կարող լինել․
«Որովհետև իմ ցուցանիշները շատ լավ են, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է, հասարակական կարգի խախտում չունեմ, որևիցէ հարց ոստիկանության բացերի հետ կապված այս պահին չունեմ»։
Ոստիկանապետը նաև վստահություն է հայտնել, որ իրեն փոխարինողն էլ «պատահական մարդ» չէ։
«Պրոֆեսիոնալ ա, նորմալ ա, որևիցե խնդիր չկա», – ասաց Ալիկ Սարգսյանը։ Ռադիոկայանի ճշտող հարցին՝ արդյոք խոսքը ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի մասի՞ն է, ոստիկանապետը պատասխանել է կարճ՝ «այո»։
Ալիկ Սարգսյանը դեռևս տեղյակ չէ, թե իրեն ինչ նոր պաշտոնի են տեղափոխում, չնայած մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա կարող է նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Ոստիկանապետը նշել է, որ գնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ և ամեն ինչ պարզ կլինի մեկ ժամից։
«Ինչ էլ առաջարկի հանրապետության նախագահը՝ ես քննարկելու ոչինչ չունեմ, առանձնապես պաշտոններ չեմ սպասում։ Նախագահը ոնց որոշի՝ պատրաստ եմ ծառայել, էդ իմ կոչումն ա, ես ուրիշ կոչում այս պահին չունեմ», – եզրափակել է Ալիկ Սարգսյանը։