Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ծրագրում է Հայաստան այցելել գալիք 2 ամիսների ընթացքում: Այս մասին հաղորդում է իրանական Mehrnews-ը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը պետք է Հայաստան այցելեր այս տարվա հունիսի 6-ին,սակայն այցը հետաձգվել էր:
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում», – այս առնչությամբ հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Պաշտոնական Թեհրանը նշել էր, որ այցելությունը հետաձգվել է, քանի որ «հյուրընկալող երկիրը դեռ չի պատրաստել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է փոխանակվեին երկու երկրների միջև»:
Իրանի նախագահի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Հասան Սալեհի-Մարամը հայտարարել էր, որ Մահմուդ Ամադինեժադը Երևան կժամանի այն ժամանակ, երբ փաստաթղթերը պատրաստ լինեն: