Home / Հայաստան / Առաջարկում են շքեղության հարկ ներմուծել. 2012-ի պետբյուջեի մասին

Առաջարկում են շքեղության հարկ ներմուծել. 2012-ի պետբյուջեի մասին

Այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, խոսելով 2012 թվականի պետական բյուջեի մասին, ներկայացրել է այն միջոցառումները, որոնք իրականացվելու են բիզնես միջավայրի բարելավման նպատակով:

«Պատրաստել ենք օրենսդրական փաթեթ, որը քննարկել ենք մեր կոալիցիոն գործընկերների հետ, որի շուրջ նաև խորհրդակցություն է տեղի ունեցել Հանրապետության նախագահի մոտ, որպեսզի այս փաստաթուղթը հնարավորինս անխոցելի լինի: Այն շուտով կներկայացվի ձեզ: Այս փաստաթղթի հիմնական գաղափարը հետևյալն է՝ մենք 2012-ին փոքր և միջին բիզնեսի համար պետք է ստեղծենք ավելի բարենպաստ պայմաններ, իսկ հարկային բեռն ավելացնենք այն ոլորտներում, որտեղ կան եկամուտներ՝ դրանք պատշաճ կերպով հարկելու համար: Հարկային փաթեթով առաջին փոփոխությունը, որը նաև ունի գաղափարախոսական բովանդակություն, պրոգրեսիվ սանդղակի ներդրումն է՝ եկամտահարկի մասով: Առաջարկում ենք՝ երկու միլիոն և ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս», – ասել է վարչապետը` դիմելով ԱԺ պատգամավորներին:

Նրա խոսքով` հարկային փաթեթով առաջարկվող երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին:

«Այն ենթադրում է, որ հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա՝ համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների, որոնց համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ: Դրույքաչափն ավելացնելով 50 տոկոսով, հասկանալի է, որ հարկային բեռն ընկնելու է հենց թանկ ալկոհոլային խմիքների վրա, որոնց տեսակարար կշիռը մեր գնահատականներով ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս, իսկ մնացած տոկոսն այն ալկոհոլային խմիքներն են, որոնք ունեն մեծ սպառում: Վերջիններիս վրա հարկային բեռը չի ավելանալու:

Հաջորդ առաջարկը շքեղության հարկն է: Մենք առաջարկում ենք, որպեսզի թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացվի այսօր կիրառվող դրույքաչափը: Մեր կարծիքով՝ սա նույնպես արդարացված մոտեցում է և հնարավորություն կտա մոտավորապես մեկ միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար:
Մեզ համար քննարկման առարկա է նաև շահումով խաղերի և խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացումը՝ 50 տոկոսով: Ակնալում ենք, որ այստեղ կունենանք լրացուցիչ երկու միլիարդ դրամի եկամուտ: Բայց այս հարցն իհարկե ունի նաև որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է քննարկենք պատգամավորների հետ:

Հաջորդն արտոնագրային վճարների դաշտի ընդլայնումն է, որի նպատակն է փոքր և միջին բիզնեսի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ: Սա նշանակում է, որ հարկային ստուգումներն այդ բնագավառում 2012 թվականին կբացառվեն այն պարագայում, եթե արտոնագրային վճարումներն իրականացվել են պետության կողմից սահմանված չափերով: Մենք ընդլայնում ենք գործունեության տեսակները, որոնք ընկնելու են արտոնագրային վճարների գործառույթներ: Դա թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներն են, վարսավիրանոցների ծառայությունները, ավտոտեխսպասարկման կայանների և ավտոկանգառների գործունեությունը, հանրային սննդի ոլորտը, փոքր հյուրանոցների ոլորտը:

Հաջորդ կարևորագույն փոփոխությունը, որ մենք իրականացնում ենք փոքր և միջին բիզնեսի համար, որը մենք արմատական փոփոխություն ենք անվանում, վերաբերում է ավելացված արժեքի հարկի հաշվեգրմանը: Այսօրվա գործող ռեժիմն այնպիսին է, որ մինչև 100 հազար դրամի պարագայում մենք թույլատրում ենք, որ ձեռներեցներն առանց ստուգումների հաշվանցում կատարեն: Այդ շեմը մենք դարձնում ենք 10 միլիոն դրամ: Հաշվանցումը նրանք կարող են անել առանց նախնական համաձայնություն ստանալու Պետական եկամուտների կոմիտեի կողմից, և սա փոքր և միջին բիզնեսի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Լուսանկարը` statusyblog.ru