Հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ բնական է: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես չէի ցանկանա բանակը առանձնացնել հասարակությունից: Բանակը և հասարակությունը օրգանական կապի մեջ են: Բանակում արտակարգ պատահարների դեպքում բնական է հասարակության դժգոհությունը և մտահոգությունը: Կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, որ պաշտպանական բարեփոխումների արդյունքում բանակը վերջին տարիներին շատ բաց է դարձել հասարակության առաջ: Բանակի հանդեպ հանրության վստահության բարձրացմանն են ուղղված մի շարք քայլեր` բանակի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում տարվա ընթացքում նրանց կողմից վերահսկվում է, մասնավորապես, զորակոչի կազմակերպման, զորակոչիկների բուժզննման ընթացքը, մշտական ուշադրության են արժանանում զինծառայողների սննդի և կեցության, բանակում մարդու իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը: Միաժամանակ, համոզված եմ, որ յուրաքանչյուր ողջախոհ քաղաքացի հասկանում է, որ զինված ուժերի թափանցիկությունը հստակ սահմաններ ունի: Կարծում եմ` երկրի պաշտպանությամբ մտահոգ որևէ մեկը չի ցանկանա, որ պաշտպանական գերատեսչությունը հակառակորդի կողմից տեսանելի լինելու աստիճան թափանցիկ լինի: 21-րդ դարում տեղեկատվությունը դուրս է եկել ազգային սահմաններից, և համացանցում հայտնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ նաև մեր հակառակորդի սեփականությունը: Այստեղ հասարակական շահը պահանջում է, որ լինենք զգուշավոր: Մեծ հաշվով, նախընտրելի է պաշտպանության նախարարությունից մեծ ծավալի տեղեկատվություն պահանջող մի քանի մարդկանց դժգոհությունը, քան պետության անվտանգության շահի վտանգումը», – ասել է Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` երբ բողոքում են զոհված զինծառայողների հարազատները, Պաշտպանության նախարարությունը զինաթափվում է, կիսում նրանց վիշտը և փորձում սատարել նրանց:
«Սակայն մեզ համար դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք և ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց: Ու ցավալին այն է, որ այս վերջին խմբին պատկանող քննադատները թեև շատ սակավաթիվ են, սակայն աղմկում են չափազանց բարձր և փորձում հասարակական ոչ առողջ տրամադրություններ ձևավորել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եթե մարդկայնորեն կարելի է փորձել աչք փակել նրանց աշխատանք-զբաղմունքի առաջ, ապա, որպես բանակի մարտունակության համար պատասխանատու պաշտոնյա, ես իրավունք չունեմ անտարբեր մնալ այն զարգացումների նկատմամբ, որոնք կարող են վտանգել բանակ-հասարակություն փոխվստահության մթնոլորտը: Դա ազգային անվտանգության հարց է, և բոլոր նրանք, ովքեր, կեղծ տեղեկություններ տարածելով կփորձեն քայքայիչ միջամտություն ունենալ բանակ-հասարակություն օրգանական կապում, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի:
Ու չգիտես ինչու, այդ մարդիկ մոռանում են, որ այդ արատավոր երևույթների մի մասը գալիս է բանակ զորակոչված երիտասարդի դաստիարակության, կրթության ու ընդհանրապես մշակութային բացից, որի պատասխանատվության իրենց չափաբաժինը փորձում են վերագրել բանակին: Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, բանակի ղեկավարության պարտքն է զինվորին սովորեցնել մարտական արվեստ, իսկ, օրինակ, ձեր պարտքն է, որ բանակ զորակոչվելուց առաջ նա, ի թիվս բազում այլ պարտադիր կենցաղային նորմերի, իմանա, թե որտեղ կարելի է զուգարանային կարիքները հոգալ և որտեղ ոչ: Եվ եթե կենցաղային նման հողի վրա բռնկված վեճը դժբախտ պատահարի է վերածվում, եկե՛ք յուրաքանչյուրս ստանձնենք պատասխանատվության մեր չափաբաժինը:
Չգիտեմ, ինչո՞ւ է ոմանց թվում, թե բանակում ղեկավարները մտածում են` ինչպես անել, որ կատարված հանցագործությունը և հանցագործներին թաքցնեն: Հավատացա՛ծ եղեք, հանցագործություն կատարած անձը մեր պայմանական թշնամին է, քանի որ, ի տարբերություն մեր հակառակորդի, նա մեզ թիկունքից է հարվածում: Ցավոք, լինում են դեպքեր, երբ ինչ-որ մարդիկ փորձում են մշտապես շիկացած պահել մթնոլորտը և տուժողի հարազատներին հաղորդում են հաճախ իրարամերժ տեղեկություններ: Այդ գործողությունները ևս իրավական դաշտում իրենց գնահատականը պետք է ստանան: Անթույլատրելի է բանակում արձանագրված միջադեպերի շահարկումը և հանրության հույզերը անձնական, խմբային կամ քաղաքական նպատակների համար օգտագործելը:
Եթե նախկինում խուսափում էի ասել, ապա հիմա թերևս հարկ է մեր ժողովրդին տեղեկացնել, որ նրանք, ովքեր տարբեր դրամաշնորհների ազդեցության տակ այսօր կուրծք են ծեծում բանակի համար, հայրենասիրության դրսևորման բացառիկ հնարավորություն ունեին արցախյան պատերազմի ժամանակ, սակայն, չգիտես ինչու, մենք այդ մարդկանց չենք տեսել մարտի դաշտում», – ասել է Օհանյանը:
Լուսանկարը` mil.am