Home / Հայաստան / Օրինաչափ պաշտոնանկությունների շարքում քաղաքապետի հրաժարականը անհասկանալի է. կարծիք

Օրինաչափ պաշտոնանկությունների շարքում քաղաքապետի հրաժարականը անհասկանալի է. կարծիք

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա գործընթացները օրինաչափ են: Այս մասին Կարապետյանը հայտարարել է այսօր Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանը մտնում է  նախընտրական փուլ. պարզ է, որ իշխանությունը՝ ի դեմս կոալիցիայի, կենտրոնացնում է ամեն ինչ, որպեսզի կարողանա հստակ այդ փուլն անցնել: Ես կարծում եմ, որ պաշտոնանկությունների խնդիրը, առաջիկայում սպասվող վայրիվերումները, որոնք կլինեն կոալիցիայում, վերաբերվելու է այդ ռեսուրսների ամրացման գործընթացին: Որևէ նոր բան չկա: Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ շարք այդ պաշտոնանկությունների կշարունակվի: Մեկ-մեկ լինում են անհասկանալի դեպքեր, ինչպես Կարեն Կարապետյանի (Երևանի նախկին քաղաքապետ) հրաժարականը, որը նախատեսված չէր, բայց ընդունենք մարդկանց բացատրությունն առ այն, որ անձնական խնդիրներ էլ կան կյանքում», – ասել է Արամ Կարապետյանը:

Կարեն Կարապետյանին Տարոն Մարգարյանով փոխարինելը, բանախոսի կարծիքով, միտված է նրան, որ ՀՀԿ-ն Երևանում կենտրոնացնում է իր ռեսուրսը՝ ապագա ընտրություններից առաջ:

«Ցավով պիտի ասեմ` այդպիսին է  պրոցեսը, որովհետև Հայաստանում կոալիցիան բյուրոկրատական կառույց է, ոչ թե գաղափարական»,- հավելել է քաղաքական գործիչը:

Արտակ Դավթյանը, իր հերթին, անդրադառնալով պաշտոնանկություններին` ասել է, որ մարդիկ, ովքեր իրենց դիմումի համաձայն ազատվել են համապատասխան պաշտոններից, արդեն տվել են համապատասխան մեկնաբանությունները, և ինքը հավելելու բան չունի:

«Եվ ես՝ որպես Արտակ Դավթյան, հարգանքով եմ վերաբերվում  կոնկրետ քաղաքապետի որոշմանը», – ասել է ԱԺ պատգամավորը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի` նախորդ շաբաթ հայտարարված հրաժարականից հետո, երեկ երեկոյան ՀՀԿ-ի խորհրդի նիստում հայտարարվել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանակության մասին: Վերջինիս այդ պաշտոնում փոխարինելու է ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: