Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ, Վահագն և Սարգիս Գևորգյանները, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Կարապետյանը հրավիրվել են ՀՀ Դատախազության հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննչական խմբի անդամները երիտասարդներին տեղեկացրել են, որ Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի մասով նախաքննությունն ավարտված է, իսկ մնացած երեք երիտասարդների գործով նախաքննությունը շարունակվում է:
Արեգ Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ քննչական խումբը որոշել է չորս երիտասարդների մասով գործն ընդհանուր ուղարկել դատարան:
Հիշեցնենք, որ ՀԱԿ 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ էր մնացել միայն Առաքելյանը: Նրան և Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գևորգյանները, Սահակ Մուրադյանը և Դավիթ Քիրամիջյանը` խուլիգանության մեջ: