Home / Հայաստան / Խարդավանքներ, ԲՀԿ, Քոչարյան. մամուլը Աբրահամյանի հրաժարականի մասին

Խարդավանքներ, ԲՀԿ, Քոչարյան. մամուլը Աբրահամյանի հրաժարականի մասին

Այսօր առավոտյան հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր թեման ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրն է: Ինչպես հայտնի է, Աբրահամյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ զբաղեցնելու է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացրել է երեկ երեկոյան կայացած Հովիկ Աբրահամյանի հետ զրույցը` նշելով, որ գործող օրենսդրությամբ որևէ արգելք չկա, որ ԱԺ զուգահեռաբար զբաղեցնի նաև նախընտրական շտաբի պետի պաշտոնը: Օրաթերթը նշում է, որ այժմ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել ներկայիս փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը: «ՀԺ»-ի հաղորդմամբ` վերջինս ՀՀԿ-ի երեկվա նիստից հետո դուրս է եկել բարձր տրամադրությամբ, բայց որևէ հարցի չի պատասխանել:

Որպես պաշտոնի հավակնորդ մամուլը շրջանառում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի անունը:

«Երկիր» օրաթերթը նշում է, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փաստորեն, երկու նապաստակ սպանեց. առաջինը` պետական լծակներից զրկեց երկրի թիվ 2 պաշտոնյային, որը հայտնի էր Ռոբերտ Քոչարյանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, ու այժմ Աբրահամյանը հնարավորություն չի ունենա իր վարչական ռեսուրսն ինքնուրույն օգտագործելու հնարավորությունից, և երկրորդ, Աբրահամյանին նշանակելով ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, Սարգսյանը ոչ միայն լիովին վերահսկում է Աբրահամյանի գործունեությունը նախընտրական շրջանում, այլև վարչական ռեսուրսի օգտագործման համար պատասխանատու է նշանակում մեկին, որն ամբողջապես տիրապետում իրավիճակին այդ ոլորտում:

Միաժամանակ «Երկիրը» զարմանում է, թե ինչ թեթևությամբ է կատարվում նման փոխատեղումը մեր երկրում, որտեղ պաշտոնյաները խոսում են եվրոպական արժեքներին իրենց նվիրվածության մասին:

«Դժվար է պատկերացնել եվրոպական որևէ երկիր, որտեղ իսկապես գործում է օրենսդիր ու գործադիր իշխանությունների տարանջատման սկզբունքը, և որտեղ օրենսդիր մարմնի ղեկավարը զինվորի կարգապահությամբ գլխիկոր կատարում է նախագահի` հրաժարական ներկայացնելու պահանջը», – գրում է «Երկիրը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ընդամենը շաբաթներ առաջ վարչապետի պաշտոնին հավակնող Աբրահամյանը զրկվեց նաև ԱԺ նախագահի պաշտոնիցն և, ըստ որոշ լուրերի, հնարավոր է համալրի ԲՀԿ-ի շարքերը (ԲՀԿ-ն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, ով Հովիկ Աբրահամյանի խնամին է – խմբ.):

«Ժողովուրդը» գրում է, որ վերջին պաշտոնանկությունները լուրջ քաղաքական ենթատեքստ են ունեցել:

«Սերժ Սարգսյանը բացահայտել է ներիշխանական դավադրությունները: Բանն այն է, որ Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի շրջապատի ներկայացուցիչները հանդիմանել են` ասելով, որ նա քաղաքականություն վերադառնալու ռեսուրս չունի: Ավելին, ասվել է, որ թեև Քոչարյանը քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց վերջինս հարյուրհազարավոր մարդկանց փողոց է դուրս բերում: Քոչարյանն էլ հակադարձել է, թե ինքը և´ Տեր-Պետրոսյանից, և´ Սարգսյանից շատ ձայն ունի և որպես ապացույց առաջարկել է «Ֆեյսբուք»-ի միջոցով հետևել իր վարկանիշին», – գրում է օրաթերթը:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Քոչարյանն ասել է, որ իր ռեսուրսը շուտով կտեսնեն զանգվածային միջոցառումների ժամանակ:

Այդ ողջ տեղեկատվությունը հասել է Սերժ Սարգսյանին, ով վերջնականապես որոշել է Քոչարյանին զրկել բոլոր ռեսուրսներից: Թերթի պնդմամբ, տվյալ համատեքստում է դիտվում նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, քանի որ «Աբրահամյանը համարվում է ներպալատական խորդավանքների մեծ մասնագետ, և նրանք Քոչարյանին լուրջ աջակցություն են խոստացել, որը ձայնագրվել է»: