ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է և ապահովելու է մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան իրականացվող ուղևորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։
Մշակվել է դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող երկաթուղային նոր գծի ծրագիր, որը թույլ կտա կապ հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորատար տերմինալի և «Չարբախ» մետրոպոլիտենի կայարանի հետ, իսկ բեռնային համալիրը` Կարմիր բլուր կայարանի հետ` արագընթաց գնացքի միջոցով:
Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տևելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը և այլն։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը որոշել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով անցկացվող վիճակահանության ժամանակ, բացի 15 ավտոմեքենայից, որպես պարգևավճար տրամադրել նաև այլ գույք կամ իրավունք, ինչը կընդլայնի շահողների շրջանակը և կմեծացնի ՀԴՄ կտրոն պահանջելու շահագրգռվածության աստիճանը։
Կառավարությունը ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացրել է 11 մլն 142 հազար դրամ։