Աղմկոտ պաշտոնանկությունների շքերթը երեկ ստացավ, թերևս, ամենաանսպասելի դրսևորումը. Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Միքայել Մինասյանը, նույն ինքը՝ փեսա Միշիկը, ազատվել է նախագահի աշ֊խատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իր այսօրվա համարի առաջին էջին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ որքան էլ անսպասելի, այս պաշտոնանկությունը մտնում է վերջին օրերի զարգացումների տրամաբանության մեջ։
«Թե Հովիկ Աբրահամյանը, թե Ալիկ Սարգսյանը պաշտոնանկ են արվել այն բանի համար, որ իրենց գործողություններով կասկածի տակ են դրել Սերժ Սարգսյանի՝ որպես վարչախմբի միակ տիրակալի գործառույթը։ Նույնը վերաբերում է նաև Միքայել Մինասյանին։ Վերջինս արդեն երկար ժամանակ գորշ կարդինալի համարում ունի և շատ դեպքերում ընկալվում է որպես իշխանության ամենաազդեցիկ եռյակի անդամ, որ գրեթե անսահմանափակ ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի վրա։ Մինասյանի գործողությունների արդյունք են համարվում, մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունները։ Հերթը հիմա, փաստորեն, հասավ նաև իրեն։ Ի՞նչ խնդիր է լուծում այս պաշտոնանկությամբ Սերժ Սարգսյանը։ Մի քանի. նախ` իր վարչախմբի ներկայացուցիչներին հստակ ուղերձ է հղում, որ ինքն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին և ամենևին էլ սեփական փեսայի խամաճիկի կարգավիճակում չէ, ինչպես պնդում են ոմանք։ Երկրորդ` այսպիսով ժեստ է անում օլիգարխների հասցեին, քանի որ Միքայել Մինասյանը համարվում է օլիգարխիական բիզնեսները խլելու և դրանք ավելի «ցիվիլ» գործարարների հանձնելու ջատագով։ Սա ակնհայտ դարձավ նաև վիկիլիքսյան բացահայտումներից հետո, երբ Մինասյանը և իր հովանավորյալ, Սերժ Սարգսյանի օգնական Լևոն Մարտիրոսյանը ամերիկացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել էին, որ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո օլիգարխները ասպարեզից հեռացվելու են», – գրում է «ՀԺ»-ն։
Օրաթերթը նշում է, որ Մինասյանի հեռացմամբ՝ Սերժ Սարգսյանը ամրացնում է նաև իր հանրապետական հենարանները, որովհետև արդեն երկար ժամանակ խոսվում է, որ Միքայել Մինասյանն ուզում է հին հանրապետականներին դուրս մղել ՀՀԿ համամասնական ցուցակից:
«Հիմա, փաստորեն, հին հանրապետականներն ավելի հանգիստ կլինեն և դեպի ԲՀԿ խաղեր տալու կարիք չեն ունենա», – եզրակացնում է թերթը` հավելելով, որ Սարգսյանը Մինասյանին թերևս, պատժել է նաև այն բանի համար, որ նա որոշակի դերակատարում Է ունեցել ՀՀԿ-֊ԲՀԿ հարաբերությունների լարման գործում և չափից ավելի վաղաժամ ամբիցիաներ է ցուցադրել` շատերին հիմք տալով պնդելու, որ ինքն իրեն տեսնում է Սերժ Սարգսյանի ժառանգորդի դերում։
«Մինասյանի պաշտոնանկությունը նաև Գագիկ Ծաոուկյանին և նրա շրջապատին ահաբեկելու ակտ է, որ նրանք հասկանան` եթե սեփական փեսայի հետ է այսպես վարվում, բա մե՞զ ինչ կանի»,- նշում է թերթը:
Ընդգծելով այն փաստը, որ Միքայել Մինասյանը օգնելու է Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ նախընտրական շտաբում, «ՀԺ»-ն գրում է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, նախընտրական շտաբը «շտրաֆնոյ բատալյոն» է սարքել:
«Միքայել Մինասյանը ՀՀԿ նախընտրական շտաբի պետի 1-ին տեղակալի կարգավիճակով այլ գործառույթ էլ կարող է իրագործել. նա պիտի հետևի, որ ՀՀԿ նախընտրական շտաբը ԲՀԿ նախընտրական շտաբի չվերածվի», – հավելում է օրաթերթը: