Հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի մոտ դրական փոփոխություններ են նկատվում: Նա սկսել է ավելի երկար քնել և նորմալ սնվել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է զինծառայողի հայրը` Վարդան Վարդանյանը:
«Նա այժմ գտնվում է տանը, բուժումը ստանում է տնային պայմաններում՝ մեր հսկողության տակ, բայց հինգ օրը մեկ նրան տանում եմ հոգեբույժի մոտ: Բժիշկներն ասում են, որ դեռ չորս ամիս էլ բուժումը պետք է շարունակվի: Բոլոր բժիշկներն էլ ասում են, որ նրան պետք է դուրս տանել, հատկապես խորհուրդ տվեցին Գերմանիա տանել: Ես անպայման որդուս կտանեմ դուրս բուժվելու համար, բայց նրա վիճակը դեռ պետք է որոշակիորեն կայունանա՝ դուրս տանելու համար»,- ասել է Վարդան Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել ենք. որ զինծառայողի հետ տեղի ունեցածի առիթով հարուցվել է քրեական գործ: Վարդան Վարդանյանի խոսքով` ինքը խոսել է գործը քննող քննիչի հետ, որն ասել է, որ գործի քննությունն առայժմ ընթացքում է:
Զինծառայողի հայրը խոստովանել է, որ այս ընթացքում որևէ աջակցություն Պաշտպանության նախարարությունից չի ստացել: Վարդան Վարդանյանը բողոքել է նաև, որ ՊՆ-ում իր հետ շատ կոպիտ են վարվել:
«Իսկ երբ գնացի Ռազմական ոստիկանություն, այն ժամանակ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը (ով համակարգում էր նաև ՌՈ-ի աշխատանքները – Epress.am) խոստացել է քննչական խումբ ուղարկել Ղարաբաղ, և այդ խումբն ուղարկել է: Ճիշտ է` գործի քննությունն ուշանում է, բայց Ռազմական ոստիկանությունում գոնե մարդկային վերաբերմունք դրսևորեցին: Այս հարցով ես դիմել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Նրանք նույնպես հետաքրքրվում են իմ տղայի հարցով: Բայց ես, միևնույնն է, հաջողացնելու եմ հանդիպել Սեյրան Օհանյանի հետ»,- ասել է Վարդան Վարդանյանը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչ Մերի Սարգսյանը այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Հովհաննես Վարդանյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ այդ գործով ձերբակալվածներ դեռևս չկան: