Լավ է, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է գնաճի կայունացում մինչև 4 տոկոս, ինչպես նաև 4,4 տոկոս տնտեսական աճ, սակայն դա բավարար չէ երկրի խնդիրները լուծելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:
Խոսելով 2012 թվականի պետական բյուջեի նախագծում 100 մլրդ դրամով հարկային եկամուտների ավելացման մասին, Ասատրյանն ասել է, որ դա փոքր թիվ չէ:
«100 միլիարդ դրամը փոքր թիվ չէ, բայց այդքան էլ անհնար չէ այն հավաքագրելը` ելնելով նրանից, որ մեծ խնդիր չի դրվում հարկերի հավաքման իմաստով: 100-ից 55-60 կախված է եկամուտների աճից, ինֆլյացիայից: Մյուս 40 միլիարդ դրամի մի մասն ընկնում է ակցիզային հարկերի և այլ հարկատեսակների վրա»,- ասել է Ասատրյանը:
ԿԲ նախկին նախագահի կարծիքով` այս բյուջեն մի նպատակ ունի ֆիսկալ՝ փող հավաքելու նպատակ, և առաջինը սա պետք է վերացվի: Ասատրյանը կարծիք է հայտնել, որ մենք մյուս տարի ավելի վատ ենք ապրելու, քան 2011-ին:
Համեմատելով մեր երկիրը հարևան Վրաստանի հետ` Ասատրյանն ասել է, որ Վրաստանը մեզանից վատ վիճակում էր տնտեսական խնդիրների առումով, բայց վերջին 4-5 տարվա մեջ նրանք շատ առաջ են գնացել: