ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անցած երկու օրերին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության կոլեգիայի անդամների, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և ծառայողների, մի շարք ծառայությունների անձնակազմերի հետ:
Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումները և արմատական բեկում արձանագրել հատկապես հասարակության հետ աշխատանքում:
Վլադիմիր Գասպարյանը անձնակազմից պահանջել է ջանադիր ու հետևողական աշխատանք, ոստիկանների մարդկային ու քաղաքացիական որակների, մասնագիտական պատրաստվածության կատարելագործում, պահանջկոտ, բայց և հոգատար վերաբերմունք շարքայինների, կրտսեր սպայակազմի ու երիտասարդ կադրերի հանդեպ, և հույս հայտնել, որ ոստիկանությունը կկատարի առաջադրված խնդիրն ու կարդարացնի քաղաքացիների ակնկալիքները, փոխանցում է ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը: