Թուրքիայի կառավարության մի քանի անդամներ, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորները միացել են Վերաքննիչ դատարանի կողմից ընդունված որոշման դեմ բողոքի ակցիային, որը նպատակ ունի ճնշում գործադրել դատարանի վրա: Բողոքողները պահանջում են փոխել 26 հոգու կողմից սեռական բռնության ենթարկված 13-ամյա աղջկա գործով վճիռը: Նշենք, որ դատարանի վճռի համաձայն, աղջիկն ինքն է համաձայնել սեռական հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ:
Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել հարավարևելյան Մարդին քաղաքի շրջանային դատարանի որոշումը, որը մեղադրյալների նկատմամբ նվազագույն պատիժ է նախատեսում:
Բողոքի դիմումին միացած քաղաքական գործիչները վճիռը «անընդունելի և անհանգստացնող» են որակել:
Դեպքը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ 13-ամյա աղջիկը ծանոթացել է երկու կանանց հետ, որոնք որոշ ժամանակ անց նրան առաջարկել են սեռական հարաբերություններ ունենալ 26 տղամարդկանց հետ գումարի դիմաց:
«Արդարադատությունը, որն ի վիճակի չէ պաշտպանել 13-ամյա աղջկա իրավունքները ցույց է տալիս Սահմանադրությանը հետևելու իր անկարողությունը»,-հայտարարել է Կրթության նախարար Օմեր Չելիկը:
Վերաքննիչ դատարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ գործի քննությունը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ, այդ իսկ պատճառով այն չի պատրաստվում մեկնաբանություն տալ այս առիթով:
Ընտանեկան և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Շահինը հայտարարել է, որ նոր օրենսդրական փոփոխություններ են մտցվելու, որը թույլ կտա կանխել երեխաների նկատմամբ բռնության դեպքերը:
Շահինը հայտնել է նաև, որ օրենսգրքի 30-րդ հոդվածի մեջ մտցվելիք փոփոխությունները խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն այս շաբաթ:
Լուսանկարը` facenfacts.com