Երեկ հերթական կրակոցներն են հնչել Երևանում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` նշելով, որ կրակոցների հետևանքով «Արաբկիր Ալկո» ընկերության սեփականատերերից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ`ժամը 16.20-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանություն ահազանգ է ստացվել Զեյթունի 8-րդ հիվանդանոցից, որ գլխի մասում ստացված վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մինչև ոստիկանության Արաբկիրի օպերատիվ խումբը մեկնել է հիավանդանոց, նույն բաժնում տեղեկություն է ստացվել, համաձայն որի` Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում մի խումբ մարդիկ հավաքվել և վիճաբանում են: Վիճաբանության ընթացքում հնչել է կրակոց: Օպերատիվ մի խումբ էլ մեկնել է վիճաբանության վայր: Այնտեղից Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել մի քանի հոգի, այդ թվում` Արաբկիր վարչական շրջանում հայտնի «Կոմիտասցի Մուշեղը»: Հենց դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է որսորդական մեկ հրացան և մեկ կրակված պարկուճ:
Ավելի ուշ պարզվել է, որ վնասվածք է ստացել 44-ամյա Վարդան Այվազյանը, որն այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վիրավորը «Արաբկիր Ալկո» ընկերության սեփականատերերից է:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Առգրավված զենքն ու պարկուճը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն: