Վանաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ հյուրանոցի դիմաց, «Գուգարք» հյուրանոցի սեփականատերը սկսել է նոր սրճարանի շինարարություն։ Ըստ ճարտարապետների՝ այս կցակառույցն ամբողջությամբ փչացնում է հրապարակի ճարտարապետական ներդաշնակությունը։
Շինարարությունը կանգնեցնելու համար հուլիսի 21-ին ՍԴՀԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ և դիմել ՀՀ կառավարությանը, ճարտարապետների միությանը, հուշարձանների պաշտպանության կոմիտեին՝ պահանջելով անհապաղ կանգնեցնել սրճարանի կառուցումը։
Ի պատասխան այս պահանջի՝ «Գուգարք» հյուրանոցի սեփականատեր Գագիկ Հովսեփյանը և Վանաձորի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ շինարարությունն օրինական է։
«Սա կարելի է համարել օրինական ու նորմալ միայն այն տրամաբանության սահմաններում, որով ասում են, թե մեր երկրում ամեն ինչ նորմալ է։ Ինչպես ամբողջ Երևանում կանաչ տարածքները վերացրին և սրճարաններ կառուցեցին, նույնն ուզում են անել նաև Վանաձորում։ Եթե լռենք՝ այս ամենը տարածվելու է ամբողջ երկրում»,- հայտարարել է Լյուդմիլա Սարգսյանը։
Այն, որ ՍԴՀԿ-ի հայտարարությանը ՀՀ կառավարությունը, ճարտարապետների միությունը, հուշարձանների պաշտպանության կոմիտեն դեռ չեն արձագանքել, Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ, վկայում է, որ նրանք սերտ կապեր ունեն «Գուգարք» հյուրանոցի սեփականատիրոջ հետ։
Վանաձորում արդեն սկսվել է մեծ ստորագրահավաք, որին արդեն մասնակցել է 400 վանաձորցի՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը և հրապարակի տեսքը փչացնելը։ Շարժմանը միացել են նաև մի շարք ճարտարապետներ։
Լուսանկարը` haykland.com-ից