Ռուսաստանում կայացած «Միսս Եվրասիա» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել ազգությամբ հայ Ստելա Կիրակոսյանը: Նախկին ԽՍՀՄ պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի մասնակցությամբ գեղեցկության մրցույթն առաջին անգամ էր անցկացվում Հեռավոր Արևելքում: Մրցույթը տեղի է ունեցել «Hollywood» գիշերային ակումբում, որտեղ, ինչպես նշում է «Երկրամասը», հավաքվել էր տարածաշրջանի ողջ երիտասարդությունը, լրագրողներ ու տարբեր ազգերի սփյուռքի ներկայացուցիչներ:
«Միսս Եվրասիա» տիտղոսի հավակնորդները պետք է 6 տարբեր մրցույթներ հաղթահարեին. ավանդական «այցեքարտ», վիդեոցուցադրություն, «տաղանդների մրցույթ», ինտելեկտի մրցույթ, ինչպես նաև երեկոյան և ազգային հագուստների ցուցադրություն: Այս ամենի համար 4 ժամ էր հատկացված:
Մրցույթների արդյունքում երրորդ տեղում է հայտնվել Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբինա Գիյանովան, երկրորդը Ուզբեկստանի գեղեցկուհի Շախնոզա Մոտաևան էր: Առաջին տեղը նվաճած Ստելա Կիրակոսյանը ադամանդե շղթայի է արժանացել: Նշենք, որ հայ գեղեցկուհին ապագա բժիշկ թերապևտ է:
«Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այս մրցույթին, մտածեցի` իսկ ինչո՞ւ ոչ,- նշել է Ստելա Կիրակոսյանը,- Նման մրցույթներում մասնակցության փորձ ունեցել եմ, բայց ամեն դեպքում կասկածում էի: Շատ շնորհակալ եմ համայնքին, որ ինձ վստահեց բոլոր հայ աղջիկներին ներկայացնելու իրավունքը: Ինձ համար սա շատ կարևոր հաղթանակ էր: Բայց դափնիների վրա կանգ չեմ առնելու: Հիմա կարևորը կրթությունս ավարտելն է, որպեսզի օգնեմ մարդկանց առողջանալ»:
Լուսանկարը` yerkramas.org կայքից