Երեկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիա է տեղի ունեցել թուրքական դատարանի դեմ: Հավաքվածները 26 անձանց կողմից բռնաբարված 13-ամյա երախայի գործով արդար վճիռ էին պահանջում:
Ցուցարարներն իրենց կարգախոսներում հնչեցրել են նաև 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան մեղավոր Օգյուն Սամասթի անունը:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Եթե Օգյուն Սամասը երեխա էր, այդ դեպքում ո՞վ է Ն.Չ.-ն (13-ամյա աղջկա անունն անվտանգության նկատառումներով չի նշվում, անվան փոխարեն օգտագործվում են Ն.Չ. տառերը)»: Նշենք, որ Թուրքիայի դատարանը Օգյուն Սամաստին դատապարտել էր` հաշվի առնելով այն, որ հանցագործության պահին նա անչափահաս էր եղել, ինչը մեղմում է դատավճիռը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 13-ամյա Ն.Չ.-ի գործի առնչությամբ Թուրքիայի կառավարության մի քանի անդամներ և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորները միացել էին Վերաքննիչ դատարանի կողմից ընդունված որոշման դեմ բողոք-նամակին, որը նպատակ ուներ ճնշում գործադրել դատարանի վրա:
Բողոքողները պահանջում էին փոխել 26 հոգու կողմից սեռական բռնության ենթարկված 13-ամյա աղջկա գործով վճիռը: Նշենք, որ դատարանի վճռի համաձայն, աղջիկն ինքն է համաձայնել սեռական հարաբերություններ ունենալ տղամարդկանց հետ:
Բողոքի դիմումին միացած քաղաքական գործիչները վճիռը «անընդունելի և անհանգստացնող» են որակել:
«Արդարադատությունը, որն ի վիճակի չէ պաշտպանել 13-ամյա աղջկա իրավունքները, ցույց է տալիս Սահմանադրությանը հետևելու իր անկարողությունը»,- հայտարարել էր Կրթության նախարար Օմեր Չելիկը: