Home / Հայաստան / Կարեն Կարապետյանը ժողովրդավար չէր, Մարգարյանը նրա դպրոցն է անցել. կարծիքներ

Կարեն Կարապետյանը ժողովրդավար չէր, Մարգարյանը նրա դպրոցն է անցել. կարծիքներ

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի խնդրահարույց որոշում կայացրեց, որոնք դժգոհության ալիք բարարձացրեցին հանրության շրջանում: Այդ որոշումներից անմիջապես տուժեցին բացօթյա առևտրով զբաղվողները և Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող կրպակատերերը:

Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Epress.am-ը զրուցել է այն թիրախային խմբերի ներկայացուցիչների հետ, որոնք մշտապես բողոքի ակցիաներ էին անցկացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ:

Տիգրան Մեծ պողոտայում գտնվող գետնանցումում հագուստի առևտուր իրականացնող Ալլա Դավթյանը մինչև նախորդ տարվա հունվարին կայացրած բացօթյա առևտրի արգելքի մասին որոշումն իր ապրանքը վաճառում էր փողոցում:

Խոսելով Կարապետյանի հրաժարականի մասին` նա ասել է, որ վերջինիս հեռանալն անհրաժեշտություն էր, որովհետև «ինքը ժողովրդավար ղեկավար չէր»:

«Եթե մի ղեկավար ժողովրդի հետ չի, ապա նա ինձ ի՞նչ ղեկավար է: Փաստորեն, իրենք ցանկանում են, որ գենոցիդ լինի, ժողովուրդը գնա, միայն դա են իրենք երազում, ուրեմն դա միակ ուրախությունն է, որ ինքը գնաց: Կցանկանամ, որ նրա փոխարեն լավ հայ, ժողովրդի հետ ծնված քաղաքապետ ունենանք, որ իմանում է  տանջված հայը որն է»,- ասել է Դավթյանը: Հարցին, թե ինչ սպասելքիներ ունեն Տարոն Մարգարյանից, ով հանդիսանում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն և քաղաքապետի պաշտոնում ընտրվելու է նոյեմբերի 15-ին, Ալլա Դավթյանը պատասխանել է, որ իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի քաղաքապետ կլինի Մարգարյանը, բայց երազում են, որ քաղաքի լավ ղեկավար լինի:

Նույն վայրում առևտուր իրականացնող տիկին Իսկուհին նշել է, որ  Կարեն Կարապետյանն իր անելիքն արեց ու գնաց:

«Կեսին լավն արեց, կեսին վատն արեց, Աստված թող իրա սրտով իրան տա: Այս պահին ոչ դրական, ոչ բացասական բան չկա: Սպասելիքը Տարոն Մարգարյանից այն է, որ  մի քիչ հույս ունենք, որովհետև ինքը Անդրանիկ Մարգարյանի տղան է, հույս ունենք, որ մեր վիճակը կբարելավվի»,- ասել է տիկին Իսկուհի:

Փափազյան փողոցի ապամոնտաժված կրպակներից մեկի սեփականատեր Աննա Կիրակոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը  շատ ուրախ է, որ Կարեն Կարապետյանը հեռացավ:

«Ինքը արժանի չէր, որ այս քաքաղի քաղաքապետը լիներ: Այս պահին դեռ  ապամոնտաժման աշխատանքները կանգնեցված են, բայց դժվարանում եմ ասել, որքան դա կտևի»,- ասել է Կիրակոսյանը` խոսելով կրպակների մասին:

Տարոն Մարգարյանի առնչությամբ Աննա Կիրակոսյանն ասել է. «Չեմ կարող ասել, թե ինչ սպասելիքներ ունեմ նրանից: Մինչև չղեկավարի, չեմ կարող ասել, բայց նաև չպետք է մոռանալ, որ նա Կարապետյանի դպրոցն է անցել»: