Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, մեկնաբանելով իշխանական կուսակցությունների մոտակա նախընտրական տրամադրությունները, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է ընտրություններին:
«Բոլոր հանձնարարությունները տրված են, որ պատրաստ լինենք ընտրություններին ցանկացած պահի: Մենք ամեն նախկին սովետական շրջանում ունենք շտաբ: Այդ շտաբը քարոզչական աշխատանքներ է կատարում, նաև հանձնարարություններ են տրված պատրաստվել ընտրական պրոցեսներին», – նշել է ՀԱԿ համակարգողը:
Զուրաբյանն ասել է, որ որպես ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող, ինքը նաև համակարգում է տարածքային շտաբների գործունեությունը: Հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններին ընդառաջ փոփոխություններ լինեն, թե ինքը կշարունակի՞ ղեկավարել շտաբը, Զուրաբյանը պատասխանել է.
«Ամեն ինչ հնարավոր է: Մենք ընտրություններից առաջ որոշումներ կընդունենք, պետք լինի, նաև փոփոխություններ կմտցնենք»:
Լևոն Զուրաբյանը նաև հավելել է, որ ՀԱԿ-ը չի հրաժարվել արտահերթ ընտրությունների իր պահանջից, բայց եթե չստացվի այն կյանքի կոչել, կմասնակցեն հերթական ընտրությանը:
Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ-ը դիմել է միջազգային կառույցներին` խորհրդարանական առաջիկա ընտրություններին առավել շատ թվով դիտորդներ ուղարկելու համար:«Դիմել ենք միջազգային հանրությանը այն պահանջով, որ մոտ 2000 դիտորդ ուղարկվի ընտրություններին: Դա թույլ կտա ամեն տեղամասում ունենալ մեկ դիտորդ: Այդ գաղափարը հետաքրքրությամբ է ընդունվում միջազգային հանրության կողմից, անգամ Եվրոպայի խորհրդի վերջին բանաձևի մեջ խոսվում է այն մասին, որ բազմամարդ առաքելություն ուղարկվի ընտրությունները վերահսկելու նպատակով», – ասել է Զուրաբյանը: